211652_close_icon
views-count12418 դիտում article-date 09:36 07-10-2017

Էջմիածնեցի լինելը մեծ հպարտություն է. Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ Էջմիածնի տոնի կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղե Էջմիածին քաղաքի տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայության հոգեւոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքի տոնը: Էջմիածնի օրը, որը տարիների ընթացքում դարձավ համաժողովրդական իրադարձություն, վստահության եւ միասնականության տոն է: Այս վստահությունը գալիս է դարերի խորքից, թրծվել է տառապանքի ու պայքարի բովում եւ գնում է դեպի դարերը գալիք: Այս վստահությամբ, միասնականությամբ ու ժողովրդի անսպառ սիրով Էջմիածինը միշտ թշնամիներից պաշտպանվել է համաժողովրդական հավատով: Այս վստահությամբ եւ միասնականությամբ Էջմիածինն իր աշխարհազորով, իր զորավարներով, հոգեւոր դասով կանգնեց Սարդարապատն արդեն անցած թուրքական զորքերի դեմ ու փրկեց Երեւանը՝ փրկելով Հայաստանն ու հայ ժողովրդին, ապահովելով առաջին Հանրապետության գոյությունը: Այս վստահությամբ Էջմիածինը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին՝ նախաձեռնելով Թամանյան դիվիզիան՝ հաղթանակի պարը պարելով Բեռլինում: Այս վստահությամբ եւ միասնականությամբ Էջմիածինը հաղթեց Արցախյան ազատագրական պայքարում իր հարյուրավոր զավակների կյանքի եւ հազարավոր զավակների հերոսականության, անձնազոհության շնորհիվ, գիտակցելով, որ պաշտպանելով Արցախի յուրաքանչյուր թիզ հողը, Հադրութի, Մարտակերտի սահմանամերձ գյուղերը, Հայաստանի սահմանները, պաշտպանում է Մայր տաճարը: Այս վստահությամբ քաջ էջմիածնեցիները, անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, զենքը ձեռքին, հայտնվեցին առաջնագծում ապրիլյան պատերազմի օրերին: Ինքս պատիվ եմ ունեցել ռազմադաշտում լինել պատվախնդիր էջմիածնեցիների հետ, լինել իսկական արծիվ էջմիածնեցիների հրամանատարն ինչպես 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ 2016-ի ապրիլյանի: Այս հավատով հոգեւոր կենտրոն Էջմիածինը դարձավ բանականաշինության, պետականության կայացման ու հզորացման ջատագովը: Փառք անկախության ու Մայր տաճար սուրբ Էջմիածնի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին, հերոսներ ծնող հայոց մայրերին: Շնորհավորում եմ համայն հայությանը եւ հատկապես Էջմիածնի ժողովրդին սիրելի քաղաքի 2702-ամյակի առթիվ: Էջմիածնեցի լինելը մեծ հպարտություն է: Էջմիածնի քաղաքապետն ու քաղաքապետարանի ողջ անձնակազմը, էջմիածնեցիները ջանքեր չեն խնայում հարազատ քաղաքը համայն հայության, քրիստոնյա աշխարհի ու առաջադեմ ողջ մարդկության կենտրոն ուխտատեղի դարձնելու համար: Կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ երկրապահի նոր սերունդներին, եռասերունդ երկրապահին տեր կանգնել սեփական քաղաքի ներկային եւ արժանապատվորեն այն տանել դեպի ապագան՝ պահպանելով քաղաքի փառավոր պատմությունն ու անունը»:

Նմանատիպ նյութեր