211652_close_icon
views-count6709 դիտում article-date 10:25 17-10-2017

Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր դոնորն է. Վաչե Գաբրիելյան. «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «Խոսակցությունը գնում էր այն մասին, թե ինչպես ներդրումների և բարեփոխումների միջոցով բարձրացնել արտադրողականությունը և տնտեսական մրցակցությունը»: Գաբրիելյանի խոսքով, նախագծերն առնչվում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն, կրթությունից մինչև ենթակառուցվածքների զարգացում. «Համաշխարհային բանկը մեր բոլոր դոնորներից ամենախոշորն է, թե՛ ընդգրկվածությամբ, թե՛ ոլորտների շրջանակով և թե տարիների ընթացքում հատկացված գումարի չափով»: Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունները նախատեսում են Համաշխարհային բանկի օգնությամբ, գյուղական ճանապարհները կապելով խոշոր մայրուղիներին, հեշտացնել գյուղական ապրանքների առաքումը: Նոր ծրագրերը ենթադրում են ոչ միայն առարկայական ներդրումներ, նշում է փոխվարչապետը. «Դրանք ենթադրում են որոշակի քաղաքականություն, ռեֆորմների իրականացում, որոնք օգնում են տնտեսական աճին, օգնում են առավել արագ տեմպերով զարգացնել արտահանումը, տնտեսական աճը ներառական դարձնել»: Անդրադառնալով բարեփոխումների իրականացմանը, Վաչե Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքել. «Ի տարբերություն նախորդի, սա առևտրային համաձայնագիր չէ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն և բազմաթիվ տնտեսական հարաբերություններ, որոնք չեն կարգավորվում Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով, կրկին մնում են մեր և Եվրամիության օրակարգում»: Հայաստանի փոխվարչապետի խոսքով, ԵԱՏՄ-ի անդամակցությունը Երևանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում, սակայն, այն չի խանգարում Եվրոպայի հետ լիարժեք համագործակցությանը. «Կարծում ենք, որ մենք գտել ենք այն օպտիմալ միջանցքը, որում մենք կարող ենք հարաբերվել բոլոր մեր առևտրային և քաղաքական գործընկերների հետ»: Վաշինգտոնից Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Կալիֆոռնիայի նահանգային մարմինների հետ քննարվելու են Հայաստանի Հանրապետության և տնտեսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Կալիֆոռնիա նահանգի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հեռանկարներ: Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:

Նմանատիպ նյութեր