211652_close_icon
views-count14517 դիտում article-date 10:47 10-11-2017

2040 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի ոչ թե 4, այլ՝ 2 միլիոն 140 հազար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկուկես ամսում արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նախօրեին նա խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված ժողովրդագրական խնդիրներին, որի ժամանակ, ըստ նախագահականի հաղորդագրության, Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է, հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»: Հիմա՝ մի քիչ պարզ թվաբանություն: Վերը նշված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին մատնանշել է մինչև 2040 թվականը ՀՀ բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին իր «տեսլականը»: Որքանո՞վ է դա իրական: Եթե շարունակվեն այսօրվա միտումները, ապա պատկերը բոլորովին այլ կլինի: Այսպես. ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, 2016 թվականին Հայաստանում ծնված երեխաների թիվը կազմել է մոտ 40 հազար 600: Նույն տարվա ընթացքում մահացել է 28 հազար հայաստանցի: Ծնունդների թիվը գերազանցել է մահերի թիվը 12 հազար 600-ով: Սա կոչվում է բնական աճ: Եթե շատ պարզեցնենք հաշվարկները, ապա բնական աճի այսպիսի տեմպերով 2040 թվականին մեր բնակչությունը կաճի մոտ 290 հազարով: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեկան Հայաստանը լքում է մոտ 50 հազար հայաստանցի: Նույն միտումը պահպանվելու դեպքում դրա պատճառով մեր երկրի բնակչությունը կնվազի 1 միլիոն 150 հազարով: Համադրելով այս թվերը, կստանանք, որ ներկա միտումները պահպանվելու դեպքում 2040 թվականին մեր բնակչության թիվը կնվազի 860 հազարով: Ու եթե համարենք, որ ներկայումս ՀՀ բնակչության թիվը իրոք 3 միլիոն է, ինչպես նշում է պաշտոնական վիճակագրությունը, ապա 2040 թվականին այն կկազմի 2 միլիոն 140 հազար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր