211652_close_icon
views-count4354 դիտում article-date 17:30 18-11-2017

ԵՊՀ-ում նշվել է Ուսանողների միջազգային օրը. մի խումբ ուսանողներ «զբաղեցրել էին» ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետի դեկանների և վարչության պետերի պաշտոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առավոտյան «Ուսանողական ռեկտորատ», երեկոյան՝ ուրախ տրամադրություն ու սիրված կատարումներ Գարիկի ու Սոնայի մեկնաբանությամբ: Ուսանողների միջազգային օրը ԵՊՀ-ում հենց այսպես նշվեց: Դեռևս առավոտյան Մայր բուհում իրականացվեց «Ուսանողական ռեկտորատ» ծրագիրը, որի ժամանակ մի խումբ ուսանողներ զբաղեցրել էին ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետի դեկանների և վարչության պետերի պաշտոնները: ԵՊՀ կարևոր առանձնահատկություններից մեկը ուսանողների մասնակցությունն է բուհի կառավարմանը: Հենց այս նպատակով էլ Ուսանողական խորհրդի Գիտակրթական հանձնաժողովի կողմից նախապես անցկացվել էր «Ի՞նչ կանեի ես, եթե լինեի համալսարանի ռեկտոր…» խորագրով էսսեների մրցույթ, որի հաղթողներին ու լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն էր տրվել մեկ օրով ղեկավարել Մայր բուհը: «Ուսանողական ռեկտորատ» ամենամյա ծրագրի այս տարվա նորություններից մեկն այն էր, որ ներգրավվել են ավելի շատ ուսանողներ. ֆակուլտետների դեկանները հնարավորություն են ունեել նշանակելու փոխդեկանների և ամբիոնի վարիչների: Կանոնադրության համաձայն մեկօրյա ղեկավարները հաստատեցին օրակարգն ու անցան քննարկումներին: Այնուհետև բացման խոսքը տրվեց ռեկտորի մեկօրյա ուսանող պաշտոնակատար, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Արշակյանին: Նա նախ շնորհավորեց բոլորին Ուսանողների միջազգային օրվա առթիվ և խոսեց Մայր բուհի աշխատանքային առաջնահերթությունների մասին, կարևորեց ուսանողների մասնակցությունը միջազգային ծրագրերին: Նիստի ժամանակ դեկանները, վարչության պետերը, ամբիոնի վարիչները հանդես եկան ելույթներով և խոսեցին համալսարանական խնդիրներից ու առաջարկեցին լուծումներ: «Ուսանողական ռեկտորատը» ամփոփվեց Գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ ծրագրի մասնակիցներն ստացան հավաստագրերը: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանի խոսքով ուսանողական կյանքը լավագույն ժամանակաշրջանն է զարգանալու, ձևավորելու քաղաքացիական գիտակցություն և հասարակության մեջ գտնելու արժանի տեղը: Իսկ արդեն երեկոյան ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր տոնական համերգ, որի հյուրերն էին Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը: Ուրախ տրամադրությամբ, սիրված ու սպասված կատարումներով էլ ամփոփվեց տոնական օրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր