Արևմտահայերենի պահպանության հարցը քննարկել է Վաշինգտոնում
Վաշինգտոնում Հայագիտական ընկերակցության կազմակերպած հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արևմտահայերենի պահպանման հեռանկարները: Տեղեկացնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4127029.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արևմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ և ամենակարևորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արևմտահայերեն սովորել.
«Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, և կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»:
Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է:
«ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արևմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի և այլն»,- Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթած հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արևելահայերենը:- «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց և այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արևելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»:
Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարևոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ և՛ արևելահայերենը, և՛ արևմտահայերենը: