211652_close_icon
views-count3745 դիտում article-date 13:41 30-11-2017

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն խոշտանգելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Խոշտանգման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խոշտանգել է Տավուշի մարզի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Այսպես, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը: Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը և ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու` ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր