Մոսկվան չի աջակցում Երուսաղեմի կարգավիճակի հարցով Էրդողանի կոչին
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը հայտնի է Մոսկվային, սակայն այն չի համընկնում ռուսական իշխանությունների դիրքորոշման հետ։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Երուսաղեմի, մերձավորարևելյան հակամարտության հարցում Մոսկվայի դիրքորոշումը շատ լավ հայտնի է բոլորին»,-ասել է նա։
Նշենք, որ Էրդողանը, հանդես գալով այսօր Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, ի պատասխան Երուսաղեմը ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը, կոչ է արել կազմակերպության բոլոր անդամ պետություններին Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք։