Արցախի խորհրդարանն ընդունել է 2018թ.-ի պետական բյուջեն
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է Կառավարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև գործնական ու վստահելի համագործակցության իրողությունը՝ որպես սահմանադրական մշակույթի շարունակական ձևավորման վկայություն:
Նստաշրջանի օրակարգը համալրելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է դեկտեմբերի 14-ին ընդմիջված Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96մլրդ 428մլն դրամ, ծախսեր՝ 101մլրդ 538մլն դրամ, դեֆիցիտ՝ 5մլրդ 110մլն դրամ:
Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում–88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:
Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում պետական նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներում հնչած միջպետական վարկին, պետական ապարատի օպտիմալացմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, կապիտալ շինարարության ծրագրերին վերաբերող մտահոգություններին:
Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նիստի աշխատանքները, առանձնացրել է 6-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի կարևոր իրադարձություններն ու ձեռքբերումները և նշել, որ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք: Աշոտ Ղուլյանը պատգամավորներին և խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել գալիք ամանորյա տոների կապակցությամբ:
[b]ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]