2734 դիտում
16:09 22-12-2017
Սուտ մատնության երեք դեպքեր. քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչները, հանիրավի մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
Այսպես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Յուրա Եպիսկոպոսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 26.09.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հաղորդում է տվել, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում երբևէ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին չի գնացել և ավագ քննիչ Սոս Սեդրակյանին ցուցմունք չի տվել, իսկ իր տվյալներով լրացված հարցաքննության արձանագրությունում առկա ստորագրությունն ու ձեռագիր գրառումն իր կողմից չեն կատարվել: Այդ կերպ Յուրա Եպիսկոպոսյանը քննիչ Ս. Սեդրակյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման` քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` Յուրա Եպիսկոպոսյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս հաղորդած տեղեկությունները: Արդյունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել քննիչ Ս. Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Սուտ մատնություն կատարելու համար Յուրա Եպիսկոպոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ամբաստանյալ Կարեն Հարությունյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել: Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով 01.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Կ. Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Ադամյանին հափշտակության դեպքի վերաբերյալ որևէ հանգամանք չի հայտնել, ցուցմունքները գրվել են վերջինիս կողմից, և ձեռագիրն իրենը չէ: Այդ կերպ Կ. Հարությունյանը քննիչ Ա. Ադամյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց և Կ. Հարությունյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերաբերյալ: Արդյունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել քննիչ Ա. Ադամյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Սուտ մատնություն կատարելու համար Կ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ: Այսպես, սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 07.06.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, իսկ հետագայում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն չի հարցաքննել, սակայն կազմել է իր անունից դրված կեղծ ստորագրություններով հարցաքննության արձանագրություն, որում ներառել է դեպքի հանգամանքների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Այդ կերպ Ս. Միքայելյանը քննիչ Ս. Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, մասնավորապես, դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ ստորագրությունները կատարվել են Ս. Միքայելյանի կողմից: Արդյունքում` 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել քննիչ Ս. Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Սուտ մատնություն կատարելու համար Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերը նշված բոլոր քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
18:08 10-11-2017
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է սուտ մատնության ևս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
2482 դիտում
17:57 24-05-2017
ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
1563 դիտում
13:49 14-06-2017
Ընտրախախտման դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»