211652_close_icon
views-count4956 դիտում article-date 17:59 25-12-2017

Հակոբ Սերոբյան. Ափսոսում եմ միայն, որ Արթուր Թովմասյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ չնվաճեց

«Մեդալների հաշվարկով նախորդ տարի ավելի լավ արդյունքներ ենք ունեցել, բայց այդքան գոհ չէի, որքան այս տարի: 2017 թվականը շատ հաջող էր մեզ համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մարզիչն ամփոփեց ընթացիկ տարին. «Այս տարի Արթուր Թովմասյանը դարձավ ամառային Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, Արթուրը նաև ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի Գավաթի խաղարկությունում: Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը, որը հավասար է մեդալի: Ինձ համար սրանք են տարվա լուրջ արդյունքները: Արդյունքներն իհարկե կարևոր են, բայց ամենակարևորն այն է, որ տղաները հանդես գան իրենց հնարավորությունների սահմաններում: Այս տարի այդպես էր, ավելին չէին կարող: Միայն ափսոսում եմ, որ Արթուր Թովմասյանին չհաջողվեց մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում: Նա կարող էր երկրորդ մրցանանակիր դառնալ, պարզապես եզրափակչում չստացվեց: Երիտասարդները նույնպես լավ են հանդես եկել: Մի քանի օր առաջ Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն և Վիգեն Խաչատրյանը ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին անհատական և թիմային պայքարում: Այնպես որ, տարին ավարտում ենք լավ նոտայով»,- ասաց Հակոբ Սերոբյանը: Մարզիչը նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում իրենց բյուջեն ավելացել է, ինչի շնորհիվ կարողանում են ուսումնամարզական հավաքներ անցկացնել, երիտասարդներին ընդգրկել մրցաշարերում: Սակայն, Հակոբ Սերոբյանի խոսքով խնդիրներ միշտ կան, քանի որ մարմնամարզությունը թանկ մարզաձև է. «Դահլիճի պայմանների պատճառով չենք կարողանում բարդացնել վարժությունները, հակառակ դեպքում տղաները կարող են վնասվածք ստանալ: Ես դա թույլ չեմ տա: Երեք գործիքից մենք ուժեղ ենք, հասնում ենք պտտաձողին, զուգափայտերին՝ թուլանում ենք, դա զգացվում է Արթուր Դավթյանի մրցելույթներում: Վստահ եմ, որ աստիճանաբար մենք կունենանք ժամանակակից դահլիճ: ՀԱՕԿ-ը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը գնահատում են մեր արդյունքները և աջակցում»,- ասաց մարզիչը: Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հաջորդ տարի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև թիմային պայքարում, որպեսզի կարողանան 2019 թվականին Մինսկում կայանալիք եվրոպական ամառային խաղերի վարկանիշ ձեռք բերել. «2018 թվականի ծրագիրը նախորդ տարիների համեմատ բավականին փոխված է: Հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է օգոստոսին, սովորաբար այն լինում է մարտ-ապրիլ ամիսներին: Հայաստանի առաջնությունը նույնպես կհետաձգենք, քանի որ այդ արդյունքներով է ձևավորվում հավաքականը: Քաթարի Աշխարհի գավաթի խաղարկության փուլը բաց կթողնենք, դրա փոխարեն կմեկնենք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի: Այնտեղ պայմանները հիանալի են, և մենք կկարողանանք բարդ վարժություններ կատարել: Նոյեմբերին Գերմանիայում անպայման կմասնակցենք Աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Դա շատ կարևոր է, քանի որ սկսում է հաշվարկը՝ երկու տարում, ըստ միավորների, յուրաքանչյուր գործիքի լավագույն մարզիկը ունենալու է օլիմպիական վարկանիշ: Սա նորություն է, մենք պայքարելու ենք: Սակայն, մեզ համար դժվար է լինելու, քանի որ բաց ենք թողնելու Աշխարհի գավաթի երկու խաղարկություն՝ Բաքվում կայանալու պատճառով»,- եզրափակեց Հակոբ Սերոբյանը:

Նմանատիպ նյութեր