2822 դիտում
17:39 27-12-2017
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է նախկին ավագ դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այսպես, դեռևս 09.06.2012թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Վերը նշված հանցագործությունը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը:
31.08.2017թ.-ին Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 25.11.2017թ.-ին նախկին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:
Խաչատուր Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված