Մոսկվայում ձերբակալել են Կարմիր հրապարակի մերձակայքում կրակահերթ բացած երիտասարդին
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում հրաձգության մեջ կասկածվող տղամարդուն: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Կարմիր հրապարակից ոչ հեռու անհայտ անձը կրակահերթ էր բացել ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով կար 2 ծանր վիրավոր:
Աղբյուրը մանրամասնում է նաև, որ 26-ամյա օրինախախտը մեքենայով փախուստի էր դիմել դեպքի վայրից: Սակայն մեկ օր անց իրավապահներին հաջողվել է նրան գտնել:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Կարմիր հրապարակից ոչ հեռու՝ Նիկոլսկայա փողոցում գտնվող Wine & Crab ռեստորանում, որտեղ երիտասարդը կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից: Նրա թիրախում են եղել նախկին ընկերուհին ու նրա ներկայիս ընտրյալը: