Իրանում հայտարարեցին խառնակչության ավարտի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի Իսլամական հեղափոխության Պահպանության կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ խառնակչությունը Իրանում ավարտված է:
«Հայտարարում եմ 2017 թվականի խառնակչության և անկարգությունների տապալման մասին: Բողոքավորների քանակը քիչ էր և ամբողջ Իրանում չգերազանցեց 15 հազարի սահմանը», ասել է Ջաֆարին:
Նրա խոսքերով, երկրում հայտնվել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ, որոնք գործում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հրահանգներով:
Իրանի խոշորագույն քաղաքներում ընդվզումները շարունակվում են 2017թ. դեկտեմբերի 28-ից: Հանրահավաքները ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով: Վերջին տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է նվազագույնը 20 մարդ:
Պատճառներից մեկը, որը մարդկանց ստիպել էր փողոց դուրս գալ, երկրում ծանր տնտեսական վիճակն էր:
Դեկտեմբերի 31-ին երկրի իշխանությունները արգելափակել էին Իրանում մեծ տարածում ունեցող Telegram մեսինջերը և Instagram սոցիալական ցանցը: