Ադրբեջանում ռուս գիտնական է անհետացել
Ադրբեջանում կորել է Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Այդ մասին Gazeta կայքին հայտնել է ինստիտուտի աղբյուրը, ով Դ. Չուլկովի մտերիմն է։
Ըստ տեղեկությունների՝ Չուլկովը Գյանջա է այցելել հունվարի 3-ին և հաստատվել տեղի հյուրանոցներից մեկում։ Հունվարի 5-ին գիտնականը ուղևորվել է դեպի Գյոյգյոլ լիճը։ Հյուրանոցի տերը նրան խորհուրդ է տվել այնտեղ գնալ տաքսիով, սակայն նա ոտքով է ճանապարհ ընկել։
Լճի մոտ տեղակայված է զորամաս, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, մտել է Չուլկովը, իսկ որոշ ժամանակ անց հյուրանոց են այցելել անվտանգության ուժերի ծառայողներ, խուզարկել նրա համարը, առգրավել իրերը։
Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են, որ բաց են թողել գիտնականին, սակայն նա հյուրանոց չի հասել այդպես էլ, համացանցում չի հայտնվել և չի պատասխանել հեռախոսազանգերին։
Այս պահին ռուս գիտնականի որոնողական աշխատանքները կատարում են նրա հարազատներն ու ընկերները։