2422 դիտում
21:38 17-01-2018
Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և գալիք տարվա ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում համակարգում իրականացվել են բեկումնային փոփոխություններ և ակնկալվում է, որ դրանց արդյունքները հասարակությունը կզգա 2018 թվականի ընթացքում: Նախարարն առանձնակի կարևորել է պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխա¬նիզմ¬ների բարեփոխման ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության կազմակերպումը։ Նրա խոսքով, նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարվա գարնանից սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար քաղաքացիների բժշկական ծառայությունները նույն կարգով կազմակերպելու համար:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում գերատեսչության 16 գերակա խնդիրներից իրականացվել է 13-ը, իսկ մյուս երեքն ավարտին կհասցվեն մինչ փետրվարի վերջ: Ամբողջությամբ իրականացվել են նաև նախորդ տարվա համար նախանշված 4 կարևորագույն միջոցառումները: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների՝ նախարարության աշխատակազմում ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժին, որի հիմնական խնդիրն է լինելու տարբեր բժշկական կազմակերպություններ կոնցեսիոն կառավարման հանձնելը, այդ թվում՝ օտարերկրյա ընկերությունների:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է բաժնի ստեղծումը և ընդգծել, որ այսօր հանրապետությունում առկա է բարձրակարգ կառավարիչների պակաս: Կառավարության ղեկավարը նշել է, որ հետևողական քայլերով անհրաժեշտ է ներդնել կառավարման նոր մշակույթ և ոլորտում էապես բարձրացնել մրցակցությունը:
Տեղեկացվել է, որ նախարարությունում նոր ծրագրային փաթեթով ստեղծվել է թեժ գիծ, որով նախորդ տարվա ընթացքում ստացվել է ավելի քան 31 հազար զանգ: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ Լևոն Ալթունյանը նշել է, որ նոր թեժ գծի գործարկումն արդյունավետ գործիք է հասարակության հետ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում է դրա միջոցով կազմակերպել նաև հարցումներ՝ առողջապահական համակարգում մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 1,6 մլրդ դրամ և ազատվել շուրջ 40 հազար քմ տարածք:
Նշվել է, որ դեղերի արտադրության և սարքավորումների ստանդարտավորման և որակավորման ուղղությամբ ևս իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, և ոլորտում առկա է զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հանրապետության 5 դեղարտադրող ընկերությունների արտադրանքը համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից դեղերի արտահանման ծավալներն աճել են 20-25 տոկոսով և ակնկալվում է, որ այդ միտումն այս տարի ևս կպահպահնվի:
Զեկուցվել է, որ ընդլայնվում են էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի հնարավորությունները: 2017թ. մայիսից պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունները ֆինանսավորվում են Էլեկտրոնային առողջապահական համակարգում (e-health) իրականացված գրանցումների համաձայն։
Նշվել է, որ ֆինանսական միջոցների տնտեսումներ են նախատեսվում գնման գործընթացների կենտրոնացման արդյունքում։ Այդ է վկայել պիլոտային ծրագրի շրջանակում ապահովված շուրջ 24 տոկոս տնտեսումը։ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերը միասնական կանոններով ձեռք բերելու մեխանիզմ՝ սահմանելով միասնական գին: Հիվանդանոցային որոշ ծառայությունների նյութածախսը կազմող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը նույնպես նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից կենտրոնացված գնումներով: Նպատակը պետական պատվերի գների նվազեցումն է, ինչի հաշվին ավելի շատ քաղաքացիներ կօգտվեն տվյալ ծառայություններից։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առողջապահական համակարգից ակնկալում է երկրի ՀՆԱ-ում ոլորտի մասնաբաժնի մեծացում, բյուջեի օպտիմալացում, ֆինանսական վերահսկողության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: «Ընդհանուր առմամբ, Առողջապահության նախարարության անձնակազմը և թիմը շատ հստակ ձևակերպում է ուր ենք գնում, ինչի ենք հասնելու և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հեռանկարում: Խնդրում եմ, անպայման տեղյակ պահեք հանրությանը՝ ինչ եք անում և ինչն եք փոխում, ինչ տրամաբանությամբ: Բացի այն նորմերից, որ քաղաքացուն պետք են, այլ նաև, թե որ ուղղությամբ է նախարարությունը գնում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2934 դիտում
20:09 29-01-2018
Վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին
Այս բաժնից
1594 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին