Իրանի միջուկային գործարքը դիվանագիտական խոշորագույն ձեռքբերում է. Ստեֆան Դուժարիկ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը։ Գուտերրիշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը այդ մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Դուժարիկը նշել է, որ գործարքը ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական մեծ ձեռքբերում։
«Այն իրենից ներկայացնում է մի գործարք, որը նպաստում է տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասել է նա և հավելել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախկինի պես համոզված է, որ համապարփակ համաձայնագիրը լավագույն միջոցն է՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ Վաշինգտոնը դուրս կգա այդ գործարքից, քանի որ, իր համոզմամբ, դա ԱՄՆ-ի պատմության վատագույն գործարքն է։