211652_close_icon
views-count3624 դիտում article-date 22:56 19-01-2018

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը «Տեխնո-ուրբաթ» ամենշաբաթյա հանդիպումների շարքում հյուրընկալել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը «Տեխնո-ուրբաթ» ամենշաբաթյա հանդիպումների շարքում հունվարի 19-ին հյուրընկալել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին։ Գյումրիի և Շիրակի մարզի գործարարներին, ՏՏ ոլորտի ձեռնարկատերերին, ստարտափերի ներկայացուցիչներին և ուսանողներին Ավակյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցվածքը, գործառույթները, աջակցության գործիքները։ ՀԶՀ ղեկավարը շեշտել է բիզնեսին մատուցվող հետսպասարկման ծառայությունները և Գործարարության աջակցման ակումբի աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին նաև ներկայացվել են արտահանման խթանման և ներդրումների ներգրավման աշխատանքները, որոնք ՀԶՀ վաճառքի, մարքեթինգի և ծրագրերի թիմերի հետ միասին մեծապես խթանում են աշխարհի արդեն 26 երկրում գործող ՀԶՀ 30 պաշտոնական ներկայացուցիչները և գործընկերները։ «Ձեր փոխարեն ոչ ոք ձեր մտքերն ու գաղափարները չի իրագործելու, եթե դուք ունեք նախագծեր, բիզնես ծրագրեր, ապա առաջին հերթին դու՛ք պետք է պայքարեք ու քայլեր ձեռնարկեք դրանց իրագործման համար։ Հիմնադրամը միայն կարող է օգնել և իր աջակցությունն առավելագույնս է տրամադրելու։ Ուստի, եթե ունեք լավ ծրագրեր, պատրաստ եք ջանքեր գործադրելու և դրանք բիզնես դարձնելու, Գյումրիում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ Ամալյա Եղոյանի միջոցով դիմեք հիմնադրամին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Ներկայում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, նրանց մի մասը հաջող ու երկարատև համագործակցում է օտարերկրյա պատվիրատուների հետ։ ԳՏԿ-ն նպատակ ունի Գյումրին վերածելու ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի: Նախորդ 35 տեխնո-ուրբաթներին հյուրընկալվել են խոշոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ։ «Տեխնո-ուրբաթի երկարաժամկետ նպատակը մասնագետների աջակցությամբ մարզի երիտասարդների իրազեկվածության և կարևորության գնահատականի բարձրացումն է՝ անկախ ապրելու վայրից։ Տեխնո-ուրբաթը նպատակ ունի մոտիվացնել և զարգացնել»,- նշել է ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր, Գյումրիում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ Ամալյա Եղոյանը: [b]Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր