211652_close_icon
views-count4775 դիտում article-date 11:00 24-01-2018

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի և մեր տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը: Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը: «Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», - նշել է վարչապետը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում: Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր