3954 դիտում
22:56 29-01-2018
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին
Հանրային հեռուստաընկերություն. Պարոն Նալբանդյան, երկու հարց՝ Կրակովի հանդիպումից հետո հայտարարվեց, որ սկզբունքային որոշում կա Կասպրչիկի գրասենյակի կարողություններն ընդլայնելու հետ կապված: Կխնդրեի նաև բացել փակագծերը՝ Վիեննայի հանդիպումից հետո հրադադարի խախտման միջազգային մեխանիզմ ստեղծելու հետ կապված այդ գործընթացն ի՞նչ փուլում է:
[b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, ապա գիտեք, որ Հայաստանը միշտ կողմ է եղել դրան, քանի որ հակամարտության գոտում դիտորդական առաքելություն իրականացնող միակ կառույցն է։ Իհարկե, եթե ավելացնել այդ դիտորդական առաքելություն իրականացնողների թե՛ քանակը, թե՛ էֆեկտիվությունը, ավելի ինտենսիվ դարձնել մոնիտորինգային առաքելությունները, ապա դա կարող է նպաստավոր լինել հակամարտոության գոտում լարվածության նվազեցման համար, նպաստել 1994-95 թվականներին ձեռք բերված զինադադարի վերաբերյալ համաձայնությունների կատարմանը:
Գիտեք, որ այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիեննայում և դրանից հետո մի քանի առաջարկ էր արվել ԵԱՀԿ գործող նախագահության կողմից, այն ժամանակ Գերմանիան էր նախագահում: Հայկական կողմերը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը դրան տվել էին իրենց համաձայնությունը, և հնարավոր չեղավ դա իրականացնել, որովհետև Ադրբեջանը բազմաթիվ խոչընդոտներ առաջ բերեց և չստացվեց ընդլայնել Կասպրչիկի թիմի հնարավորությունները:
Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց մեկ քայլ առաջ անել՝ 7 հոգով ավելացնելով Կասպրչիկի թիմի միջազգային անձնակազմը։ Դրա մասին եռանախագահող երկրները Կրակովի հանդիպումից հետո նշեցին իրենց հայտարարության մեջ, մենք էլ նույնն արեցինք: Գիտեք, որ, ի տարբերություն Ադրբեջանի, որն իր յուրահատուկ, այսպես ասած, ստեղծարար մոտեցում է մշտապես ցուցաբերում այդ հանդիպումներից հետո, իր հատուկ կարծիքն է հայտնում կամ յուրահատուկ մեկնաբանությունն է տալիս, որն ամբողջովին տարբերվում է այն հայտարարությունից, որոնք ոչ միայն Հայաստանն է անում, այլ նաև եռանախագահող երկրները: Նույնը պատահեց Կրակովից հետո:
Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասում, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել: Մոտակա օրերին եռանախագահները այցելելու են տարածաշրջան, լինելու են Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Տեսնենք` ինչ զարգացումներ կլինեն: Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի և ադրբեջանական կողմը, ևս մեկ անգամ, ինչպես դա բազմիցս պատահել է, հետքայլ չի անի:
Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որի շուրջ ոչ միայն Վիեննայի գագաթաժողովի ժամանակ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, այլ առնվազն վերջին ութ-ինը տարվա ընթացքում, մենք խոսում ենք եռանախագահող երկրների կողմից արված այդ առաջարկի մասին, և բազմաթիվ անգամ մենք եկել էինք այն ըմբռնման, որ պետք է այդ կառուցակարգը ստեղծվի, բայց նորից Ադրբեջանն էր, որ հետ էր կանգնել այդ պայմանավորվածություններից։ Անգամ եռանախագահող երկրներն առնվազն երկու անգամ հայտարարել էին, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը, և իրենք սպասում են, որ Ադրբեջանն էլ կհամաձայնի այդ մեխանիզմի ստեղծմանը:
Այդ հարցը մնում է օրակարգում, և հույս ունենանք, որ ապագայում դա հնարավոր կլինի իրականացնել։ Դա կարևոր մի գործիք կարող է հանդիսանալ ոչ միայն միջադեպերի հետաքննության, այլ նաև կանխարգելման իմաստով, կարևոր գործիք՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման առումով:
Tert.am. Պարոն Նալբանդյան, հարցս վերաբերում է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Մասնավորապես, տեղյակ ե՞ք, որ նա հայտարարել է, որ Ադրբեջանի համար չսպիացող վերք է դարձել 1918 թվականի Ադրբեջանի իշխանությունների արածը՝ Երևանը Հայաստանին հանձնելը, դրա հետ կապված ի՞նչ կարծիք ունեք:
[b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Բաքվից հնչող այդ հայտարարությունները նորություն չեն։ Առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ են անում:
Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են, թե իբր Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին միգուցե հնարավորություն տալ գալ Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը, միգուցե տեղում պատմությանը ավելի մոտիկից կծանոթանար:
Մենք այս տարի նշում ենք Առաջին հանրապետության հոբելյանը և Մայիսյան հաղթանակների 100-ամյակը: Ի՞նչ հաղթանակների. այն հաղթանակների, որ մեր զինվորի քաջությամբ և մեր ժողովրդի զոհողությամբ մենք կարողացանք պաշտպանել հենց Երևանը և կարողացանք պաշտպանել մեր իրավունքը ազատ անկախ ապրելու:
Իսկ ի՞նչ է նշելու այս տարի Բաքուն: Նշելու են Թուրքիայի կողմից ստեղծված Կովկասյան բանակի կողմից Բաքվի և այլ քաղաքների գրավումը: Սա է պատմական իրողությունը: 1980-ական թվականների սկզբներին Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր։ Դրա ֆոտոները կան։ Կարծում եմ՝ մի օր, միգուցե, նաև հնարավոր կլինի, որ Ադրբեջանի ներկա նախագահը ևս կայցելի։
Tert.am. Երկորդ հարցս վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փակուղի մտնելու հետևանքներին: Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում խնդիրներ են ունենում հիմնականում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չլինելու պատճառով: Ի՞նչ-որ քայլեր ձեռնարկվում են այդ խնդիրները վերացնելու համար, եթե դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթաց այդպես էլ չլինի:
[b]
Էդվարդ Նալբանդյան.[/b] Այն որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, դա մեր պատճառով չէ, դա թուրքական կողմի մեղքով է։ Իհարկե, եթե այդ հարաբերությունները կարգավորված լինեին, կարգավորման գործընթացը նախատեսում էր նաև, որ պետք է հաստատվեին դիվանագիտական նաև հյուպատոսական հարաբերություններ։ Այս շրջանակներում հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը Թուրքիայի տարածքում։ Բայց հարաբերություններ չկան՝ ոչ դիվանագիտական, ոչ հյուպատոսական։ Երբ այդպիսի խնդիրներ առաջանում են, իհարկե, արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված լինեն, նշանակություն չունի դա Թուրքիայում լինի, թե այլ երկրում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։
Չնայած, ասեմ, որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։ 175 երկրի հետ մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ։ Կան ևս միայն մոտ երկու տասնյակ երկրներ, ում հետ չունենք։
Հայաստանի քաղաքացիները և ոչ միայն քաղաքացիները, այլ նաև ծագումով հայերը, երբ խնդիրներ են ունենում մենք հանձնառություն ենք հայտնել պաշտպանելու, թե մեր քաղաքացիներին և ընդհանրապես, ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայերին։
Armenpress․ Որպես այս տարվա կարևոր իրադարձություն, կխնդրեի՝ անդրադառնայիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ներկայացնեիք սպասվելիք ընդհանուր ծրագրերը։ Հայտնի է, որ մի քանի բարձրաստիճան փոխայցելություններ են սպասվում, կխնդրեի՝ նշեիք հստակ քանի երկրի ղեկավար է լինելու Հայաստանում։
[b]Էդվարդ Նալբանդյան[/b]․ Անկախության տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ղեկավարելու, նախագահելու տարբեր միջազգային կառույցներ։ ՀԱՊԿ-ում է եղել նախագահող, Եվրախորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, այլ կառույցներում։ Այդ բոլոր նախագահությունները եղել են ռոտացիոն։ Սա է տարբերությունը. Ֆրանկաֆոնիայում ռոտացիոն նախագահություն չէ։ Բավական սուր մրցակցային պայմաններում մեզ հաջողվեց ստանձնել այս կառույցի ղեկավարությունը։
Այս տարի մենք նշում ենք Ֆրանկաֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակացության միայն հինգերորդ տարեդարձը. դրանից առաջ դիտորդ ենք եղել, ասոցացված անդամ: Մեզ՝ ամենաերիտասարդ անդամներից մեկին հնարավորություն տրվեց ղեկավարել, նախագահել 50 տարվա պատմություն ունեցող այս կառույցը, որը 84 դիտորդ, ասոցացված և լիիրավ անդամ երկրների կառույց է։ Իհարկե, սա ցույց է տալիս այն վստահությունը նաև համերաշխությունը միջազգային հանրության կողմից, որը դրսևորվեց Հայաստանի նկատմամբ։ Գագաթաժողովին մասնակիցների թվի իմաստով, ես ասացի՝ 84 լիիրավ, ասոցացված անդամ և դիտորդ։ Այդքան պատվիրակության մասնակցություն է ակնկալվում գագաթաժողովին, բայց նաև ֆրանկոֆոն տարբեր գործակալություններից և գործընկեր կառույցներից։ Հրավերներ են նաև ուղարկվել մի շարք միջազգային կազմակերպությունների։ Ընդհանուր պատվիրակությունների թիվը լինելու է 100-ից ավելի։ Հուսով ենք, որ մեծ թվով պատվիրակություններ ղեկավարվելու են ամենաբարձր մակարդակով։
Իհարկե, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը հոկտեմբեր ամսին Հայաստանում, իսկ դուք գիտեք՝ մենք արդեն ստանձնեցինք Նախարարների համաժողովի նախագահությունը, մեզ բացառիկ հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրությանը, ընդլայնելու մեր կապերի, հարաբերությունների աշխարհագրությունը, սերտացնելու, խորացնելու համագործակցությունը ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների հետ։
Ես կցանկանայի նաև նշել, չնայած այս կապակցությամբ ես մի քանի անգամ մանրամասներ եմ հայտնել, բայց հատուկ կցանականայի նշել, որ մենք պատրաստում ենք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մի նոր հիմնարար փաստաթուղթ ՝ «Ապրել միասին» պակտը, որը բավական լուրջ փաստաթուղթ է լինելու։ Արդեն սկսել ենք այն մշակել, քննարկել անդամ երկրների հետ, ՖՄԿ քարտուղարության հետ։ Գագաթաժողովի ժամանակ ընդունվելու է եզրափակիչ հռչակագիր, որը կոչվելու է Երևանյան հռչակագիր: Բացի դրանից ընդունվելու են ևս մոտ տաս բանաձևեր տարբեր հարցերի վերաբերյալ:
Հատուկ կցանկանայի նշել, որ այս գագաթաժողովի շրջանակներում մտադիր ենք անցկացնել ֆրանկոֆոն գործարար համաժողով, որը հնարավորություն կտա սերտացնել, ամրապնդել ինստիտուցիոնալ և ընդհանրապես կապերը ֆրանկոֆոն երկրների գործարարների միջև։ Այն հնարավորություն կտա նաև Հայաստանին ավելի ընդլայնել համագործակցությունը, տնտեսական ոլորտում իրականացնել տարբեր ծրագրեր այս երկրների հետ: Մեր նպատակներից մեկն է ստեղծել ֆրանոկֆոն երկրների գործարարների ցանց: Դա կայանալու է մեր նախագահության օրոք և դա բացառիկ հնարավորություն է բոլոր ֆրանկոֆոն երկրների համար, ներառյալ նաև Հայաստանի համար:
Armenpress․ Դուք ներկայացրիք 2017 թվականի գործունեության ամփոփումը։ Կխնդրեի նաև ներկայացնել, թե որոնք են լինելու ընթացիկ 2018 թվականի գերակայություններն այս ոլորտում։
[b]
Էդվարդ Նալբանդյան.[/b] Արտաքին քաղաքականության ոլորտում գերակայությունները ամեն տարի չեն փոխվում, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես այլ երկրներում էլ: Գերակայություններն ունենում են ավելի երկարատև ուղղվածություն: Իհարկե, մեր գերակայություններից է եղել և շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և մենք շարունակելու ենք մեր ջանքերը եռանախագահող երկրների հետ:
Դուք գիտեք, որ Հայաստանը, տարբեր միջազգային կառույցների կարծիքով, դարձել է մարդկության դեմ հանցագործությունների և նոր ցեղասպանությունների կանխարգելման ջանքերի առաջամարտիկ։ 2018թ.-ին նշվելու է ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, և այդ կապակցությամբ Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի նոր բանաձև ընդունվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ Գիտեք, որ 2015թ.-ին, երբ մենք նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեզ հաջողվեց ընդունել այդպիսի բանաձև, որը ստացավ շատ լուրջ աջակցություն բոլորի կողմից: Մոտ յոթ տասնյակ, անգամ յոթ տասնյակից ավել երկրներ դարձան համահեղինակ, ու այդ բանաձևն ընդունվեց կոնսենսուսով՝ այսինքն որևէ մեկը չհանդգնեց դուրս գալ այդ բանաձևին դեմ, մեր նախաձեռնած Ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի դեմ: Այս տարի նախաձեռնել ենք, և աշխատանքներ են տարվում, և հուսով եմ, որ նոր բանաձև կընդունվի։
Դեկտեմբերին մենք մտադիր ենք անցկացնել նոր գլոբալ ֆորում՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը։ Դա խորհրդանշական է, քանի որ մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը հաստատվեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:
Պետք է նկատի ունենանք, ինչպես որ ես նշեցի, որ մենք արդեն նախագահում ենք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում, հոկտեմբերին կառույցի գագաթաժողովն է կայանալու մեզ մոտ։ Անցյալ դեկտեմբերից նախագահում ենք նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Շատ անելիքներ կան։
Այն, ինչ նշել ենք 2017թ. հաշվետվության մեջ, որն արդեն հասանելի է մեր կայքէջում, հուսով եմ, որ վաղը կհրապարակվի նաև մամուլում։ Այնտեղ նշված բոլոր ուղղություններով մենք շարունակելու ենք ջանքերը թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման, ամրապնդման, ընդլայնման նպատակով, թե՛ տարբեր միջազգային կառույցների շրջանակներում, բազմաթիվ միջազգային հարթակներում` արձագանքելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին:
Armenpress․ Պարոն Նալբանդյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարեկան հաշվետվություն էր հրապարակել, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանը նախապայմաններ է առաջադրել բանակցային գործընթացը շարունակելու համար և իբրև Հայաստանին հարկադրաբար են վերադարձրել բանակցային սեղանի շուրջ։ Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս հարցի առնչությամբ։
[b]
Էդվարդ Նալբանդյան[/b]. Դա էլ առաջին անգամ չեն ասում, թե իբրև թե Հայաստանը նախապայմաններ ուներ, և մեզ ստիպեցին, բերեցին բանակցությունների: Ասում եք հաշվետվության մեջ են գրել. միգուցե իրենք ելնում են նրանից, որ թուղթն ամոթից չի կարմրում, դրա համար էլ գրում են, ինչ ուզում են:
Գիտեք, եթե այդպես լիներ, եթե այդ նախապայմանները մենք առաջ քաշած լինեինք…
Ինչի մասին է խոսքը: Իրենք ձևացնում են, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, պայմանավորվածությունները նախապայմաններ էին մեր կողմից: Վիեննայից հետո, անգամ, իրենք ասացին, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Դրանք եռանախագահող երկրների երևակայություններն են:
Եթե այդ նախապայմանները մենք առաջադրած լինեինք և մեզ ստիպած լինեին դրանցից հրաժարվել... Ենթադրենք այդպես է։ Մենք գնացինք բանակցությունների։ Ինչ է քննարկվում այդ բանակցությունների ժամանակ։ Դուք էլ գիտեք, որ բանակցություններից հետո եռանախագահող երկրները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ հատուկ նշում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորության մասին: Եվ ոչ միայն ասում են, որ դա կարևոր է իրականացնել, այլ նաև ջանքեր են գործադրում, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Հենց դրա մասին է, որ մենք վերջերս Կրակովում խոսում էինք՝ Կասպրչիկի թիմի հնարավորությունների ընդլայնման մասին։ Ադրբեջանական կողմը անգամ դեմ չեղավ, որ եռանախագահող երկրները հայտարարեն դրա մասին։ Եռանախագահող երկրները Հայաստանի և Ադբեջանի անունից ասացին, որ նախարարները սկզբունքային համաձայնության են եկել Կասպրչիկի թիմի հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:
Կամ նախապայմաններ չեն եղել և Ադրբեջանը ինչ-որ նոր վարկածներ է հորինում, կամ եթե նախապայմաններ եղել են, ստացվում է, որ Ադրբեջանը հենց ինքն է ստիպված եղել գալ և շարունակել բանակցությունները այս նախապայմանների շուրջ:
Ընդգծեմ. Հայաստանի կողմից նախապայմաններ չեն եղել: Եվ որպես նախապայմաններ ներկայացնել այն պահմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել այդ գագաթաժողովների ժամանակ, դա առնվազն լուրջ չէ:
Ուղղակի Ադրբեջանն հանդիպումներից հետո և ոչ միայն վերջին երեք, այլ դրանից առաջ էլ է բազմիցս փորձել հետքայլ անել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում գագաթաժողովներին, նախարարների մակարդակով հանդիպումներին:
Անցած տարի դեկտեմբերին Վիեննայում, ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում իմ ելույթում ես հիշատակեցի այն ինը խոչընդոտները, որ Ադրբեջանի պատճառով խնդիր են ստեղծում հիմնախնդրի կարգավորումն առաջ մղելու իմաստով:
Այդ ինը կետերի մեջ հատուկ նշեցի նաև այն, որ Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածություններից։ Ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հարգվեն և իրականացվեն: Բանակցություններին այլընտրանք չկա, և մենք եռանախագահող երկրների հետ շարունակելու ենք ջանքերը, ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
«Ազատություն» ռադիոկայան. Պարոն Նալբանդյան, երկու հարց ունեմ. առաջինը, օրերս մոսկովյան «Կոմմերսանտ» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Կառասինը ասաց, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին ռուս-վրացական բանակությունների հետ կապված, որպեսզի Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհները հնարարվորինս շուտ բացվեն: Ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչ տեղեկություն ունեք, այդ բանակցությունները Ռուսաստանի ու Վրաստանի միջև ինչ փուլում են: Տեղյակ ենք շվեյցարական ընկերության հետ իրենց պայմանավորվածության մասին, որքանով են տեսանելի, որքանով են շոշափելի, որ տեսանելի հեռանկարում որևէ ուղղություններից մեկով՝ աբխազական կամ հարավ-օսական մենք ճանապարհ կունենանք:
[b]
Էդվարդ Նալբանդյան-[/b] Ինչ վերաբերում է ռուս-վրացական բանակցություններին և մեր շահագրգռվածությանը, ինչի վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ այլընտրանքային ճանապարհների բացումը որևէ երկրի համար կարևորագույն խնդիր է։ Իհարկե, թե՛ մեր ռուսաստանցի գործընկերների հետ, թե՛ վրացի գործընկերների հետ բազմիցս քննարկվել են այս հարցերը։ Վերջերս հայտարարություն էր արվել, որ վրացական կողմը շվեյցարական ընկերության հետ ստորագրել է այն համաձայնությունը, որի հիման վրա այս հարցը կարող է դեպի լուծում գնալ։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ շուտով՝ համապատասխան ընթացակարգերը ավարտելուց հետո, շվեյցարական ընկերության հետ կստորագրվի նաև ռուսական կողմից։
Սա բավական նուրբ բանակցային գործընթաց է, և եթե այս պահին ինչ-որ լրացուցիչ հայտարարելու բան լիներ առանց Ձեր հարցի էլ կհայտարարվեր:
Այս պահին այսքանը։ Երբ այս գործընթացը եզրափակիչ փուլ հասնի, ինչում մենք շահագրգռված ենք, ապա հնարավոր կլինի լրացուցիչ տեղեկություններ հայտնել դրա վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայան. Եվ երկրորդ հարցը, պարոն Նալբանդյան, վստահ եմ, տեղակ եք Ձեր խորհրդականի՝ Ռուբեն Թաթուլյանի հետ կապված, ով ռուսական և հայաստանյան մամուլում ներկայացվում է Ռոբսոն մականունով, հանրության մի մասը անգամ մտահոգված է այդ փաստով: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ խորհուրդներ էր նա Ձեզ տալիս կամ տվել, և Դուք արդյո՞ք մտահոգված չեք, որ Ձեր խորհրդականի անունը կապվում է հանցավոր աշխարհի հետ:
[b]
Էդվարդ Նալբանդյան[/b]. Ինչ վերաբերվում է պարոն Թաթուլյանին, ապա, այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի արտահաստիքային խորհրդական 2016թ. կեսերից մինչև 2017թ. վերջ, և նա զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով:
Araratnews.am Պարոն Նալբանդյան, թույլ տվեք շատ կարճ երկու հարց. մեկը վերաբերում է արցախյան խնդրին: Ինձ հետաքրքրում է Ձեր մեկնաբանությունը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այն հայտարարության մասին, ըստ որի արցախյան խնդրի կարգավորումը համարձակ զիջումներ ու կոնկրետ գործողություններ է պահանջում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Օրինակ, արդյո՞ք հայ հանրությունը համարձակ զիջումներ անվան տակ կարող է հասկանալ տարածքային զիջումների ակնարկ Ֆրանսիայի նախագահի կողմից:
[b]
Էդվարդ Նալբանդյան[/b]. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Դուք ասում եք, թե իբրև Մակրոնը ասել է, որ ինչ-որ տարածքային զիջումներ պետք է անել, Մակրոնը այդպիսի բան չի ասել, ես ներկա եմ գտնվել այդ մամուլի ասուլիսին և բանակցություններին: Այդպիսի խոսք չի գնացել:
Իսկ այն փոխզիջումների մասին, այն գործընթացի մասին, որի մասին խոսում են եռանախագահող երկրները, ներառյալ նաև Ֆրանսիան, որովհետև Ֆրանսիան եռանախագահող երկրներից մեկն է, իրենք ունեն միասնական դիրքորոշում, ինչն արտահայտվել է հինգ հայտնի հայտարարություններում նախագահների մակարդակով, և եռանախագահող երկրների մոտեցումը դա է։ Այդ փոխզիջումներին մանրամասն Դուք կարող եք ծանոթանալ այդ հայտարարությունների միջոցով։ Մենք մեկնաբանել ենք այդ փոխզիջումային մոտեցումը, որը փաթեթային մոտեցում է, և դա կոնցեպտուալ լուրջ փոփոխություն է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ. եռանախագահող երկրները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է կարգավորվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով՝ վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, որը պետք է ունենա միջազգային պարտադիր իրավական ուժ: Հստակ ասված է։ Այստեղ երկակի մեկնաբանության կարիք չկա: Հստակ ասված են նաև անվտանգության բազմաշերտ երաշխիքների մասին։ Մնացած հարցերը ածանցյալ են, որոնք իրենց լուծումը կարող են ունենալ:
Araratnews.am. Եվ թույլ տվեք երկրորդ հարցը: Ռուսաստանի Պետդումայում անցյալ շաբաթ կլոր սեղան-քննարկում է եղել ֆաշիզմի հերոսացման դեմ թեմայով, և արդեն 200.000 ստորագրություն է հավաքվել, որով պահանջելու են հատուկ Երևանից դուրս հանել Գարեգին Նժդեհի արձանը: Ինչպե°ս եք վերաբերվում մեր դաշնակից Ռուսասատանի կողմից նման քայլերին և այս ստորագրահավաքին: Սա կարո°ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ:
[b]Էդվարդ Նալբանդյա[/b]ն. Սա իհարկե շահարկումներ են մեր հակառակորդների կողմից, և պարզ է թե այդ շահարկումները ինչու են արվում։ Դրանք միտումնավոր են արվում, և պետք չէ ընկնել այդ ծուղակը:
Դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարաություններ արվել են, և այստեղ ոչ ավելացնելու, ոչ պակասացնելու բան չկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին