211652_close_icon
views-count9313 դիտում article-date 21:14 16-02-2018

Վրաստանի 19 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա. գերմանացի պաշտոնյան պահանջել է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Վրաստանի 19 քաղաքացու, որոնք փետրվարի 13-ին Քութայիսի-Մեմինգեն չվերթով Գերմանիա են մեկնել, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն: «Վրաստանի 10 քաղաքացի Մեմինգեն-Քութայիսի նույն չվերթով հետ է ուղարկվել: Վրաստանի 9 քաղաքացի տեղափոխվել է Մյունխեն քաղաքի օդանավակայանի տարանցիկ գոտի», — ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում: Թե որն է Գերմանիայի իշխանությունների նման վերաբերմունքի պատճառը, հայտնի չէ: Այդ մասին չեն խոսում նաև Քութայիսի վերադարձած ուղևորները: Նրանցից մեկը լրագրողներին հայտարարել է, որ իրեն, հնարավոր է, Գերմանիա չեն թողել այն պատճառով, որ նա հյուրանոցի ամրագրում չի ունեցել: Վրացական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ՝ փետրվարի 8-ին, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի նախարարների կաբինետի անդամ Յոահիմ Շտամպը պահանջել է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը: Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք Գերմանիայում են մնում որպես փախստականներ, ինչպես նաև վրացիների կողմից կատարված հանցագործությունների քանակը: Վրաստանն արդեն ստացել է նմանատիպ զգուշացում Եվրամիությունից: Եվրահանձնաժողովը բաց տեքստով հայտարարում է, որ վրացական քրեական խմբավորումները մեծ խնդիր են դարձել Եվրոպայի համար: Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախարարների կաբինետի արտահերթ խորհրդակցություն է հրավիրել այդ կապակցությամբ: «Վրաստանի կառավարությունը պլանավորում է մի շարք խստացնող միջոցներ ձեռնարկել Վրաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացումից հետո երկրի առջև կանգնած մարտահրավերները չեզոքացնելու համար», — ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում: • ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ-ի մարտի 28-ին: Այդ օրվանից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի: • Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում կիրառել այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»՝ լիբերալ վիզային ռեժիմի վերանայմամբ, եթե Վրաստանը չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները: [url=https://jam-news.net/?p=86562&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր