211652_close_icon
views-count3969 դիտում article-date 18:16 20-02-2018

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը պատրաստվում է Կիևի միջազգային մրցաշարին

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Կիևի միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով ըմբիշներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Կիևում հանդես կգա ութ ազատ ոճային: Նրանք են՝ Միհրան Ջաբուրյանը (59 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանն ու Նարեկ Սիրունյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ) և Շամիր Աթյանը (92 կգ): 86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մրցաշարին չեն մասնակցի նաև 97 կգ Գեորգի Կետոևն և 125 կգ Լևան Բերիանիձեն. «86 կգ քաշում մեր ըմբիշը վնասվածք է ստացել, իսկ Կետոևն և Բերիանիձեն ընդհանուր թիմին կմիանան հաջորդ հավաքից: Այս մրցաշարերը իմ և տղաների համար փորձ են նոր մրցակարգին, մի մասի համար նոր քաշային կարգերին հարմարվելու համար: Թախտիի գավաթի խաղարկությանն ունեցանք միայն մեկ մեդալ: Իհարկե, արդյունքից գոհ լինել չեմ կարող, սակայն այդ մրցմանը մասնակցեցինք Ծաղկաձորի ծանր ֆիզիկական հավաքից հետո: Այժմ տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Տեսնենք՝ Կիևում ինչպես կդրսևորեն իրենց: Ըստ անհրաժեշտության, նախքան Եվրոպայի առաջնությունը, գուցե որոշ ըմբիշներ մասնակցեն նաև Խարկովում կայանալիք մրցաշարին: Նախատեսում ենք, որ Խարկովում հանդես կգան նաև Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը պատրաստվող ըմբիշները»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը: Կիևի միջազգային մրցաշարը կկայանա փետրվարի 23-25-ը:

Նմանատիպ նյութեր