211652_close_icon
views-count2411 դիտում article-date 21:37 21-02-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին: Արա Բաբլոյանը, ողջունելով ասոցիացիայի անդամներին, բարձր է գնահատել է կանանց գործունեությունը պետական կառույցներում, ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ կինը, հայ մայրն անուրանալի դեր ունի հայկական ավանդական ընտանիքի պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են մեր հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը եւ գնահատմանը: Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը, տղամարդու եւ կնոջ իրավահավասարության մասին պատկերացումները: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ այս հարցերում գործնական փոփոխությունների կարիք կա. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես քաղաքակիրթ դիմագիծ ունեցող երկիր: Խորհրդարան այցելած կանայք իրենց մտահոգող հարցերն են ուղղել Արա Բաբլոյանին. դրանք վերաբերել են համայնքների խոշորացմանը, ընտանեկան բժշկությանը եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանն առնչվող խնդիրներին: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը: Քննարկման առանցքում հարցեր էին, որոնք վերաբերում էին առողջապահական ոլորտին, կրթական բարեփոխումներին, համայնքների խոշորացմանը եւ այդ գործընթացի արդյունքում դպրոցների ու նախակրթարանների օպտիմալացմանը: Խորհրդարանականների հետ հանդիպմանը ներկաները մտահոգիչ հարցեր են հնչեցրել նաեւ գյուղական դպրոցներում մասնագետների պակասի, ուսուցիչների արդարացի ընտրության վերաբերյալ: Մտքերի փոխանակման արդյունքում պատգամավորները փաստել են, որ ներկայացված խնդիրների մի մասն առաջիկայում կկարգավորվի օրենսդրությամբ, իսկ մյուս մասի պարագայում էլ կլինի խորհրդարանական վերահսկողություն: Կարեւորելով օրենսդիրների հետ հանդիպումները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերին ապագայում կտրվեն դրական լուծումներ:

Նմանատիպ նյութեր