8222 դիտում
10:43 06-03-2018
Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։
Ն. Փաշինյանն այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ իր գրության մեջ երկու խնդիր է բարձրացրել.
«Նախ, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումների ընթացքում պարզվեց, որ «Մարտի 1-2»-ի գործը քննող քննչական խումբը այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված էր «բանակի ներգրավվածությունը մարտի 1-2-ի իրադարձություններին»: Այսինքն, քրեական գործում այս փաստական նյութը չի ուսումնասիրվել եւ սա մեծ բացթողում է, որովհետեւ այդ նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել:
Ես միջնորդել եմ Գլխավոր դատախազին, որ նա ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին,եւ այդ զեկույցի փաստերը օրենքով սահմանված կարգով ուսումնասիրվեն քրեական գործի շրջանակներում:
Երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում, այն է, որ մինչեւ հիմա 10 տարի անց, նախաքննության մարմինը չի պարզել, թե 2008 թվականի մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարների շարքերից կամ որոշ ցուցարարներ մեքենաների հետեւից դուրս են գալիս կրակում զինվորների վրա, ապա նորից թաքնվում, այս հայտարարությունը ինչ փաստական նյութի վրա է հիմնված:
Այսօր ակնհայտ է, որը լսումների ժամանակ ընդունեցին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որ այդ հայտարարությունը լրջագույնս ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա և դրա շուրջ կան տարատեսակ մեկնաբանություններ:
Ես միջնորդել եմ գլխավոր դատախազին, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կանչվի հարցաքննության և պարզաբանի, թե ինչի վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը՝, որը նա հրապարակել է Բաղրամյան 26-ում: Հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր Ռոբերտ Քոչարյանն այդ տվյալը վերցրել: Գուցե նրան ինչ-որ մեկը զեկուցել է, ով է զեկուցել և պետք է այդ անձին նույնպես հարցաքննել:
Ես հույս ունեմ և պահանջում եմ, որ գլխավոր դատախազությունը միջոցներ ձեռնարկի, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանը տա: Սրանից մեծապես կախված են մարտի 1-ի սպանությունների բացահայտումը և ընդհանրապես այդ իրադարձությունների բացահայտումը և այն իրավիճակի բացահայտումը, որը Հայաստանը վերապրում է մինչև այսօր»:
Նշենք, որ 10 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:
2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:
10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4830 դիտում
14:37 07-05-2019
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով
20413 դիտում
23:47 12-07-2018
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը