4015 դիտում
12:02 07-03-2018
Քննարկվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» ծրագիրը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանին` գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել 2017 թվականի դեկտեմբեր ամսին հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4,9 մլն եվրո:
Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ձեռք բերված փորձը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը:
«Անասնապահությունը գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար կարևոր է գյուղատնտեսական կենդանիների նույնականացումն ու հաշվառումը: Սակայն մինչ այդ հարկավոր է բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը, վերապատրաստման միջոցով բարձրացնել անասնաբույժների գիտելիքներն ու կատարելագործել նրանց հմտությունները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ միայն ժամանակակից գործիքներով վերազինված բարձրակարգ անասնաբույժների առկայության և անասնաբուժական ծառայությունների համալիր մատուցման դեպքում է հնարավոր երկրում իրականացնել խոշոր պետական ծրագրեր, որոնք կնպաստեն ոլորտի կայուն զարգացմանը:
Նախարար Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն Հայաստանում ներդրվելու է համայնքային անասնաբույժների ինստիտուտ:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերհարդ Շաումբերգերի հետ քննարկել է Ավստրիայի զարգացման գործակալության հետ իրականացող ծրագրերը, մատնանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Մասնավորապես, նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում մրգի կամ բանջարեղենի վերամշակման շարժական ծառայությունների ներդրման հնարավորությունը: Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում կրթության բարձր մակարդակի ապահովումը` նախարարը հնարավոր է համարել պետական կամ մասնավոր ֆերմերային ուսումնական հաստատության հիմնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների արհեստական սերմնավորմանը, կաթի հավաքման կայանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
23:22 19-07-2022
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ - 2» ծրագիրը
1670 դիտում
16:09 17-12-2021
Ջերմուկում տեղի է ունեցել «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ամփոփիչ համաժողովը
2182 դիտում
16:02 26-10-2022
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը». ԵԱԶԲ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»