76955 դիտում
13:52 09-03-2018
Ավտովթար Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորանում բախվել են Արցախի պաշտպանության բանակի Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ. Opel-ն անդունդը չի գահավիժել՝ շնորհիվ երկաթե արգելապատնեշների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խուրշուդյանի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հենրիկ Մինասյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության Արարատի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, գնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենաների առջև խոշոր եղջերավոր անասուններ են հայտնվել, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել վարորդների համար։
Ռազմական Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ն հաշվառված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը անդունդը չի գահավիժել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշների։
Փաստի առթիվ նշված բաժնի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+