211652_close_icon
views-count5233 դիտում article-date 10:00 10-03-2018

Նախագահը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը: Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը Հարգելի՛ պարոն Մակրոպոլուս, Մրցաշարի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար: Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը: Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը: Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում: Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը: Հարգելի՛ բարեկամներ, Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարևորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Բեռլինի քաղաքապետարանին և կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգևելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում: Հարգելի՛ շախմատիստներ, Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր: Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից պարտիաների: Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»: Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, և թո՛ղ հաղթի ուժեղագույնը: Շնորհակալ եմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր