211652_close_icon
views-count4867 դիտում article-date 17:13 23-03-2018

Նախագահը ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահի անվանակոչության արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին, այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ Հանրապետության Նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար: Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ և արարողության պատեհ առիթով նաև հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա և նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարևորագույն և պատասխանատու աշխատանքում: «Հարգելի՛ գործընկերներ, Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի: Հայ իրավական միտքը զարգացման շատ կարևոր ճանապարհ է անցել: Եվ դեռևս 200 տարի առաջ Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով և խոսել ինստիտուտների կարևորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետությունների կայացման համար: Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար և, իհարկե, շատ կարևոր է լինելու նաև այն մարդկանց համար, ովքեր երբևէ մտնելու են այս դահլիճ: Շնորհավորում եմ բոլորիս այս լավ նախաձեռնության և անվանակոչության համար: Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորում նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում: Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին: Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն: Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին: Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիս և բարի երթ»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և արարողությանը ներկա բոլոր հրավիրյալներին՝ միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ, հավատալով խորհուրդներին, Սահմանադրական դատարանում իր գործունեությունը ցանկացել է սկսել խորհրդանշական քայլով, և ընտրությունը կանգ է առել իր մեջ մեծ խորհուրդ պարունակող այս միջոցառման վրա: «1783 թվականին լույս տեսավ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ փառացը», որը համաշխարհային իրականության մեջ առաջին Սահմանադրության նախագիծն էր, որը գրվել է մի քանի տարի ավելի շուտ, քան Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Ֆրանսիայի սահմանադրությունները: Դա նաև հայ ազգային-ազատագրական շարժման ծրագիր էր և դրա տեսական հիմնավորում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Որոգայթ փառացում», ըստ էության, հիմնավորվում է պառլամենտական կառավարման ձև ունենալու մոտեցումը, և խորհրդանշական է, որ մենք 230 տարի հետո ընտրեցինք այն ճանապարհը, որը մեր հայրենակիցների կողմից ներկայացվել և դարձել էր հիմք շատ ու շատ երկրներում ժողովրդավարական համակարգ ստեղծելու համար: Մենք ընդամենը մի քանի օր հետո ամբողջությամբ անցում կկատարենք դեպի պառլամենտական կառավարման համակարգի: Շահամիրյանների «Որոգայթ փառացը» արդարության, օրինականության կարգուկանոնով ապրելու, Սահմանադրության մերօրյա տերմիններով ասած՝ Սահմանադրության գերակայությունը ապահովելու խորհուրդ է, որը պետության զարգացման, ազատ ու երջանիկ ապրելու գրավականն է: Սրահի անվանակոչումը Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով հենց այդ խորհուրդն ունի, որ այս դահլիճում կայացված որոշումները նպաստեն վերոնշյալ նպատակներին: Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ հյուրեր, Այսօրվա մեր հավաքում ևս մեկ խորհուրդ կա, որը դժվարանում եմ ասել՝ կարևորությամբ, արդյո՞ք, զիջում է առաջինին, թե ոչ: Այսօր մենք Սահմանադրական դատարանի սրահներից մեկը անվանակոչեցինք Սահմանադրական դատարանի առաջին նախագահ, հայտնի պետական գործիչ, ճանաչված գիտնական Գագիկ Հարությունյանի անունով: Անշուշտ, առաջին հերթին, դա Գագիկ Հարությունյանի վաստակի փոքրիկ գնահատականն է, սակայն այն միաժամանակ այլ խորհուրդ ունի: Դա պատգամ է գալիք բոլոր սերունդներին առ այն, որ Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի և ընդհանրապես պետական համակարգի, պետականության ու սահմանադրականության ապահովման ճանապարհը պետք է ընթանա արժևորելու, մեծարելու և շարունակականությունն ապահովելու ճանապարհով միայն: Ինձ համար շատ կարևոր էր հենց այսպես, այս նախաձեռնությամբ սկսել իմ պաշտոնավարումը՝ որպես խորհրդանշում այն շարունակականության, որ մենք պարտավոր ենք ապահովել պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում կայացած Սահմանադրական դատարանի համար»,-ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և նկատելով, որ այսօրվա միջոցառումը համընկնում է նաև Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, ընդունված կանոնների համաձայն, այդ առիթով փոքրիկ և խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաև այդ հուշանվերի խորհուրդը: «Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա և պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր: Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ և քանդակագործի ձեռամբ իրականացված` Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երևացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ: Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության և երախտիքի»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը: ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար և ընդգծել, որ իր համար Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հայոց պատմության մեջ հատուկ կարևորություն են ունեցել: «Տարիներ առաջ, երբ նախաձեռնեցինք ժամանակակից հայերենով հրատարակել «Որոգայթ փառացը», մեծ դժվարությամբ հայթայթեցինք և գտանք Շահամիր և Հակոբ Շահամիրյանների նկարները: Այդ աշխատանքը ստեղծեցինք, ըստ էության, արխիվներում եղած նյութերի հիման վրա: Եվ մեր հանրությունը՝ հատկապես իրավական, համոզվեց, որ նրանք դատարկ տեղում չստեղծեցին «Որոգայթ փառացը». դա մեր ժողովրդի պատմական որոշակի մտածողության հանրագումարը եղավ: Ես պարզապես տեղեկացնեմ՝ շատերդ գիտեք, որ հիմա մենք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ նախաձեռնել ենք հրատարակման պատրաստել մի երկհատորյակ, որը կոչվում է «Սահմանադրական մշակույթը քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի բազմադարյա պատմության էջերում»: Մոտավորապես երեք հազար էջ է, որն այս տարվա վերջում կհրատարակվի, և հաջորդ տարվանից կլինի նաև անգլերեն թարգմանությունը, որպեսզի աշխարհը ևս կարողանա ընթերցել և ճանաչել: Այդ շղթան ամբողջությամբ երևալու է՝ Արատտայի թագավորությունից մինչև Շահամիրյաններ և նրանցից հետո, իսկ վերջում կամփոփվի «Պատմության դասերը և ժամանակի խորհուրդը» ամփոփ հոդվածով: Ասելիքս այն է, որ հաջողություն կարելի է ակնկալել միայն այնտեղ, որտեղ կա շարունակականություն, երբ քարին քար է դրվում, երբ կաթիլները հավաքվելով՝ դառնում են կա՛մ լիճ, կա՛մ գետ և կարողանում են որակ ապահովել: Խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին, Սահմանադրական դատարանի աշխատակիցներին, նկատի ունենալ հետևյալը՝ ինչ մենք արել ենք մինչ օրս՝ եղել է նախապատրաստական աշխատանք: Հիշում եք՝ մինչև 2005 թվականը ՝ տասը տարում քննել ենք ընդամենը տասը օրենքի սահմանադրականության հարց, այսօր արդեն երկու ամսում մենք այդքան քննում ենք: Տասը տարի և երկու ամիս: Բայց այդքանով հանդերձ, սահմանադրական նոր փոփոխությունները բոլորովին նոր ասպարեզ են բացում: Եթե արդեն վաղը, մյուս օրը, ամսի 9-ից, երբ նոր օրենքը կսկսի գործել, և նոր դիմողներ կհայտնվեն Սահմանադրական դատարանում, այս պարագայում ծանրաբեռնվածությունը բազմակի ավելանալու է, և պատասխանատվությունն է շատ ավելի բարձրանալու: Ես համոզված եմ, որ այն մեկնարկային պայմանները, որ մեզ հաջողվեց ստեղծել՝ հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը իսկապես ստանձնել և իրացնել: Մեր խնդիրը հետևյալն է՝ շատ բան արվեց սահմանադրական փոփոխությունների առումով, շատերդ շփվել եք դրսերում, ունեցել եք նաև հանդիպումներ, ելույթներ կոնֆերանսներում և տեսել եք, որ այսօր չկա մի երկիր, որտեղ սահմանադրական զարգացումներից խոսեն ու դրվատանքի խոսքեր չասվի այն գործընթացի մասին, որն արվեց Հայաստանում: Բայց ամեն ինչ կարող է մնալ թղթի վրա, եթե դա իրական կյանքում նույն ձևով չի դրսևորվում: Չլինի այնպիսի վիճակ, երբ ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականությունը դրան ներդաշնակ չէ, համարժեք չէ: Մենք պետք է իսկապես կարողանանք Սահմանադրությունը կյանքի կոչել: Պարո՛ն Թովմասյան, ես նույնպես Ձեզ շատ երկար եմ ճանաչում և ամբողջ Ձեր կայացման ականատեսը, վկան եմ եղել: Մեծ հույս, մեծ վստահություն ունեմ, որ առաջին հերթին կոլեկտիվում ապահովելով այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի աշխատանքին և բարեկամաբար, գործակցաբար աշխատանքն առաջ տանելու խնդիրը կլուծի՝ մեծ հաջողություններ հնարավոր է ակնկալել ոչ միայն ներսում, այլև դրսում: Դուք էլ գիտեք, որ ես Ձեր կողքին եմ, մշտապես Ձեր աջակիցը: Ամեն ինչ կանենք միասին՝ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև դատական համակարգը այս երկրում կայացնելու համար: Վիճակն այնպիսին է, որ, այո՛, դինամիկա կա, քայլեր կան, բայց որպես կայացած համակարգ, մենք, ինչպես ասում են, պետք է սկսենք հիմքերից և կարողանանք կյանքի կոչել այն, ինչ ցանկանում էինք սահմանադրական բարեփոխումների ընթացքում, որն այն ժամանակ նաև Հանրապետության Նախագահը նախաձեռնեց: Իսկ դա կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր բոլոր գործընկերներից: Ես վստահ եմ, որ գործակցաբար մեր արդյունավետ աշխատանքը հնարավորություն կտա որակ ապահովել և ասել, որ իսկապես ինչ նախաձեռնում և անում էինք՝ ճշմարտացի էինք, և այն առաջարկությամբ կամ նախաձեռնությամբ, որ Հանրապետության Նախագահը հանդես եկավ ու կյանքի կոչեց սահմանադրական այս մոդելը կամ այս մեխանիզմը, կենսունակ է և ի զորու է երկրում դրական շատ բաներ փոխել: Ես ցանկանում եմ ձեզ երջանկություն, արդյունավետ աշխատանք: Միասին փորձենք տեղից շարժել այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են և օր առաջ պետք է լուծվեն»,-ասել է Գագիկ Հարությունյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր