211652_close_icon
views-count13573 դիտում article-date 10:31 24-03-2018

Մեղմ տոնով, ժպիտով, բայց բավականին կտրուկ՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Իմ պատանեկության տարիներին կային, այսպես կոչված, «ցեխավիկներ»՝ այն ժամանակվա կիսաօրինական գործարարներն էին: Այդ մարդկանց մեջ կային սուր զգացողությունների սիրահարներ, որոնք խորովածի կրակը վառում էին 25 ռուբլանոցով՝ դա, օրինակ, իմ «լենինյան թոշակի» մեկ քառորդն էր: Իհարկե, այդ մարդիկ գործում էին գեղեցիկի ու պատշաճի մասին իրենց պատկերացումների շրջանակներում: Բայց երբ նրանց վարքը քննարկվում էր չափից դուրս բուռն հույզերի արտահայտմամբ, դա ինձ զարմանալի էր թվում: Եթե մարդն աշխատել է իր 25 ռուբլին՝ որևէ մեկին վնաս չտալով, ապա նա կարող է այդ թուղթը պատռել և գցել աղբամանը: Եթե նա գողացել է կամ, որը նույնն է՝ կաշառք է վերցրել, իսկ հետո այդ գումարը բաժանել է աղքատներին, ապա նա, միևնույն է, հանցագործ է մնում: Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մասին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտվում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, և շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լուման պետք է լինեն հասարակության և մեր՝ լրագրողներիս, ուշադրության կենտրոնում: Մնացած դեպքերում ով որքան ունի և մանավանդ՝ ինչպես է ծախսում, նման խոսակցություններն ինձ թվում են առնվազն քաղքենիություն և շատ դեպքերում նաև՝ սոցիալական կրքերի անտեղի բորբոքում: Որովհետև հարուստի ունեցվածքի ցանկացած քննարկում գրեթե անխուսափելիորեն վերածվում է «կյանքի անարդարության» մասին բողոքի («վայ, քու բախտ բաժանողի»), իսկ այստեղից ուղիղ ճանապարհ է դեպի կյանքի նկատմամբ կրավորական ու «ուզվորական» վերաբերմունք: ... Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, և դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայթակղությունը նրան հարց տալու: Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել... նրա փողերից և բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մասին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): ֆուտբոլիստի պատասխանն էլ թեև մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավականին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»: Փող հաշվելու միակ և լավագույն տեղը սեփական գրպանն է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր