211652_close_icon
views-count3075 դիտում article-date 14:08 28-03-2018

Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններ, որի վառ վկայությունը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու փաստն է: ԱԺ նախագահը երախտագիտություն է արտահայտել 2015թ. ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում: Նշելով, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու օրենսդիր մարմիններում գործող հանձնաժողովների աշխատանքների աշխուժացման եւ պատվիրակությունների փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներում Կիպրական հիմնախնդրում մշտապես աջակցել եւ աջակցելու են Կիպրոսին: Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս հայտնելով, որ Կիպրոսն արագ ավարտին կհասցնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցության, ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ այն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին: Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է զարգացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման վրա: Կողմերը պայմանավորվել են Կիպրոսի պատվիրակության՝ առաջիկայում կայանալիք Հայաստան այցի ընթացքում անդրադառնալ այս հարցին եւ առավել գործնական ու կոնկրետ քայլեր իրագործել:

Նմանատիպ նյութեր