211652_close_icon
views-count2264 դիտում article-date 15:26 31-03-2018

Երևանի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները միացել են համաքաղաքային ծառատունկին

Մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու նաև բնակիչների համար ավելի կանաչ և գրավիչ դարձնելու համար Երևանում մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին սիրով միացել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ` ընտանիքներով հանդերձ: Այս տարի քաղաքապետարանի կոչին մասնավորապես արձագանքել էր «ԻԲԻՍ Երևան», «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրների, «Հերց» և «Արմենիա Հոլիդեյս» ընկերությունների ավելի քան 65 ներկայացուցիչ: Օղակաձև զբոսայգու կանաչ գոտու վերականգնման աշխատանքներին ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Համաքաղաքային ծառատունկի աշխատանքներին ներգրավվել են նաև «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները: «Երևանի քաղապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակներին միանում են նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, ինչն, իսկապես ողջունելի է: Այդպիսով՝ նրանք իրենց ներդրումն են ունենում Երևանի կանաչապատման, մաքրման և առավել ներկայանալի դարձնելու գործում»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը: Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած ու ամենամյա նախաձեռնությունը, նշել են, որ իրենք ևս պատրաստակամ են համայնք-մասնավոր համագործակցությամբ սոցիալական պատասխանատվություն դրսևորելու մայրաքաղաքի հանդեպ և հանդես գալու հասարակական նշանակության տարաբնույթ նախաձեռնություններով, հատկապես, որ տարին հոբելյանական է Երևանի համար:

Նմանատիպ նյութեր