211652_close_icon
views-count3194 դիտում article-date 17:38 05-04-2018

Կալանավորի փախուստի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. պաշտոնեական դիրքը չարաշահած ՔԿՀ աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը հիվանդանոցից դիմել է փախուստի: Այսպես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Արտակ Միքայելյանն ու նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Հմայակ Շիրակյանը 13.11.2017թ.-ին իրականացրել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանի պահպանությունն ու հսկողությունը: Ծառայության ընթացքում քրեակատարողական հիմնարկի վերոհիշյալ աշխատակիցները կալանավոր Թ. Ալավերդյանի տված գումարներով հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խանութից վերջինիս համար գնումներ են կատարել` գումարի մի մասը պահելով իրենց: Այնուհետև, Թ. Ալավերդյանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու անձնական և շահադիտական շահագրգռվածությունից ելնելով` պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կալանավորի համար ստեղծել արտոնյալ պայմաններ: Բացի այդ, նույն շահադիտական նպատակներով ՔԿՀ աշխատակիցներ Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով: Մասնավորապես, 14.11.2017թ.-ին` ժամը 02-ի սահմաններում, Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը կալանավորի նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն քնել են, որի հետևանքով վերջինս հիվանդասենյակի սանհանգույցից դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել է փախուստի: Ավելին, անգամ Թ. Ալավերդյանի փախուստի հանգամանքը պարզելուց հետո, ՔԿՀ աշխատակիցները կալանավորի համար անբարենպաստ պայմաններ չստեղծելու և նրա փախուստի պատճառով որևէ պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տևական ժամանակ հիշյալ հանգամանքը գաղտնի են պահել վերադասից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է կալանավորին հայտնաբերելու գործընթացը բարդացնելուն և ավելորդ միջոցներ ծախսելուն: Ա. Միքայելյանի և Հ. Շիրակյանի վերը նշված արարքների հետևանքով ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափերով խարդախության և այլ հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Թ. Ալավերդյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ, խաթարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունն ու խախտվել կալանավորված անձանց պահպանության կարգը: Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա. Միքայելյանին և Հ. Շիրակյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փախուստի դիմած կալանավոր Թ. Ալավերդյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր