211652_close_icon
views-count10657 դիտում article-date 22:38 10-04-2018

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մեր հասարակության ամենամեծ թերություններից են երիտասարդության անկազմակերպվածությունը և հեղինակավոր լիդերների բացակայությունը». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց ուսանողների հետ ՈւԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ: Հանդիպմանը ներկա էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը: Արամ Սիմոնյանը երիտասարդ համալսարանականներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպումներ կազմակերպելու, ինչպես նաև բուհի գործունեության տարբեր բնագավառների գործընթացների հանդեպ հետևողական լինելու համար: Նրա խոսքով՝ երկու շաբաթ ընդմիջումից հետո վերսկսվել են ավանդական դարձած հանդիպումները, ինչը ողջունելի է: Մինչև ուսանողների կողմից բարձրացվեիք հարցերին անցնելը՝ ԵՊՀ ռեկտորը խոսեց համալսարանական գործընթացների մասին: «Հաջորդ տարի լրանում է Մայր բուհի 100-ամյակը, որը մեզ համար մեծ իրադարձություն է: Անշուշտ, մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշել այդ հոբելյանը: Հուսով եմ, որ ուսանողները շատ ակտիվ կմասնակցեն, այդ տեսակետից դուք առանձնահատուկ դիրքում եք և հպարտանալու բան կունենանք, որի մասին կպատմենք ձեր երեխաներին, թոռներին, հուսով եմ նաև՝ ծոռներին: Բավականին շատ գործ ունենք անելու: Արդեն ռեկտորատի կողմից հաստատվել է ծրագիր, ըստ որի՝ սկսել ենք մեր հոբելյանական գործերը: Բայց ինչպես յուրաքանչյուր միջոցառում, հոբելյանական միջոցառումներն առավել ևս պահանջում են նյութական մեծ միջոցներ, բացի անհրաժեշտ ջանքերի գործադրումից: Ահա այստեղ բավականին նեղ վիճակում կհայտնվենք, եթե մեզ օգնության չգա ՀՀ կառավարությունը: Հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, գիտակցելով ԵՊՀ 100-ամյակի համապետական բնույթը, մեզ որոշակի աջակցություն ցույց կտա: ՀԿ-ներին, անհատ ձեռներեցներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին նույնպես մտադիր ենք դիմել: Նշեմ, որ որոշներին արդեն դիմել ենք Մայր բուհին օգնություն ցուցաբերելու համար, այն պարտադիր չէ նյութական լինի, օգնությունը կարող է լինել բարոյական և խորհրդատվական, որպեսզի կարողանանք ըստ արժանվույն նշել ԵՊՀ-ի 100-ամյակը: Մեր սեղմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանենք, որպեսզի Մայր բուհի հոբելյանն անցնի բարձր մակարդակով: Հուսով ենք, որ մեր ուսանողությունը շատ ակտիվ կմասնակցի, մեզ կօգնի հոբելյանական օրերին միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքներում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանն անդրադառնալով Մայր բուհում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ նշեց, որ երազում է նորովի տեսնել համալսարանի շրջակայքը. «Այն իր տեսքով վատը չէ, բայց կա նոր նախագիծ, որտեղ միանգամայն յուրովի և ժամանակակից ձևով է նախագծված համալսարանի շրջապատը: Ըստ նախագծի՝ ամենակարևորն ուսանողների և դասախոսների համար պետք է ստեղծվեին ազատ գոտիներ՝զերծ մեքենաներից: Ցավոք սրտի, բավականին մեծ գումարներ են պահանջվում այն իրագործելու համար: Նախագծի մեծագույն մասը մենք չենք կարող իրականացնել, բայց որոշ ծրագրեր, այնուամենայնիվ, կիրականացնենք: Մեր հաշվարկներով ամբողջ ծրագրի իրականացումն ահռելի ծախսեր է պահանջում: Սակայն ծրագրից որոշ կետեր կիրականացնենք. Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի առջևի հնաոճ ավազանը կվերացնենք, որտեղ կպատրաստենք մի փոքրիկ ծաղկանոց՝ գեղեցիկ տեսք տալով համալսարանին: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի աստիճանահարթակն ամբողջությամբ կվերանորոգվի: Դուք նկատել եք, որ այս վերջին երեք տարիների ընթացքում սալիկապատվել է բուհի հետևի հատվածը»,- հավելեց Ա. Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը, խոսելով այս տարվա ընդունելության քննությունների մասին, նշեց՝ այս տարի, անշուշտ, բուհի դիմորդների թվի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան: «Այս տարի ավարտում է 9000 -ից մի քիչ ավելի դպրոցականներ, իսկ նախկին տարիներին այդ թիվը հասնում էր 18000-ի, 20000-ի: Այս խնդիրը կապված է 12-ամյա կրթությանն անցում կատարելու հետ: Այս տարի բուհում կամ քոլեջում սովորել ցանկություն են հայտնել շուրջ 5000 դպրոցականներ: Անցած տարիներին մենք մոտ 5000 դիմորդներ էինք ունենում, այս տարի, եթե ունենանք 1000 կամ 1200 ուսանող, ես շատ գոհ կլինեմ: Ավանդաբար դիմորդների 1/3-ը գալիս է ԵՊՀ, սակայն անհայտ է՝ ինչ կլինի, որը բնականաբար հոբելյանական տարվա համար շատ վատ անակնկալ է, քանի որ վարձավճարների հետևանքով է գոյանում բուհի բյուջեի մեծ մասը: Մենք լիահույս ենք, որ համալսարանը շարունակելու է իր առաջնորդի դերը»,- նկատեց Ա. Սիմոնյանը: Մայր բուհի ղեկավարը, անդրադառնալով ԵՊՀ-ի հասցեին հնչեցրած քննադատություններին, նշեց, որ մեր հասարակության մեջ սովորույթ է դարձել քննադատել ամեն ինչ, այդ թվում նաև քննադատության մի առյուծի բաժին հասնում է ԵՊՀ-ին, որը, իր կարծիքով,անարդար է: «Այսօր համալսարանն ամեն ինչ անում է միջազգային ասպարեզում հավուր պատշաճի հանդես գալու համար: Մեր տարեկան բյուջեն մոտ 10 մլրդ դրամ է, եթե մեզ նման փոքր երկրների հետ համեմատվենք, ապա ասեմ, որ Թբիլիսիի պետական համալսարանի բյուջեն 3 անգամ ավելի է մեր բյուջեից: Սակայն մեր ուսանողությունը շատ ավելի բարձր տեղեր է կարողանում զբաղեցնել միջազգային մրցույթներում»,-ասաց ԵՊՀ ռեկտորը: «Մայր բուհին ինչքան էլ քննադատում են, շատ հաճախ հանիրավի, իսկ երբեմն էլ իրավացի, այնուամենայնիվ, մենք զարմացած ենք, որ հասարակությունը նման վերաբերմունք ունի համալսարանի հանդեպ: Անկախ ամեն ինչից՝ մենք մեր գործն անում ենք, մեր հնարավորության սահմաններում: Կարծում եմ, որ Մայր բուհում սովորելու համար պետք է հպարտ լինեք, քանի որ այս բուհն ունի ավանդույթներ և ներուժ, որոնք շարունակական են լինելու: ԵՊՀ-ում ունենք բանիմաց և ուժեղ թիմ, ովքեր շատ նվիրված աշխատում են Մայր բուհի պատիվը բարձր պահելու համար»,- փաստեց Մայր բուհի ղեկավարը: ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը բարձրաձայնեց ԵՊՀ գրադարանի՝ նոր գրականության, գույքով ու սարքավորումներով հագեցվածության խնդիրը՝ մատնանշելով մասնավորապես սքանավորման սարքի անհրաժեշտությունը, որը թույլ կտա անհրաժեշտ գրականությունն էլեկտրոնային տարբերակով կրիչի կամ միանգամից ուսանողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել: Արամ Սիմոնյան. «Սիրելի՛ ուսանողներ, նախորդ հանդիպման ընթացքում ձեր կողմից հնչեցրած մի շարք հարցերի լուծման համար ժամանակ է պահանջում: Դրանց մեծ մասը կապված է գնումների հետ, ինչը բավականին ժամանակատար է: Դուք գիտեք, որ ցանկացած գույքի, տեխնիկայի կամ սարքի ձեռք բերման գործընթացն իրականացվում է ԵՊՀ գնումների պլանավորման և պահեստավորման վարչության միջոցով, որը մրցույթ է հայտարարում, հետո նոր գնում անհրաժեշտ ապրանքը: Այս գործընթացները վերաբերում են նաև նոր գրականության ձեռքբերմանը: Ուստի ևս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»: Իսկ Դավիթ Ափոյանի այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներն են իրականացվում բուհ-աշխատաշուկա կապի ակտիվացման ու արդյունավետ բարձրացման ուղղությամբ և ի՞նչ ակնկալիքներ կան, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Այո՛, բուհ-գործատու կապը շատ պասիվ է, սակայն կարծում եմ, որ այստեղ մեղքի մեծ բաժինը գործատուինն է: Բուհը յուրաքանչյուր տարի հազարավոր շրջանավարտներ է ունենում, որոնց շարքում շատ են փայլուն ուսանողները, ովքեր կարող են համալրել ցանկացած կազմակերպության շարքերը: Մենք բազմիցս դիմել ենք գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ առաջարկելով մասնակցել կրթական ծրագրերի մշակմանն ու դասավանդման գործընթացներին, սակայն շատ քչերն են արձագանքում: Կան ընկերություններ, որոնք պատրաստակամորեն աշխատում են մեզ հետ, և մենք էլ ընդառաջում ենք: Հնարավորության սահմանում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն այդ կապն ակտիվ պահելու համար կոնկրետ աշխատանք է իրականացնում, սակայն համագործակցությունը պետք է շարունակական և երկկողմանի լինի: Պետք է նշեմ, որ լուրջ խնդիր ունենք նաև պրակտիկայի կազմակերպման առումով: Ընկերությունները մեծ գումարներ են պահանջում ուսանողների գործնական աշխատանքներն իրենց կազմակերպություններում անցկացնելու համար, այնինչ ամբողջ աշխարհում ընդունված կարգի համաձայն՝ միջազգային ընկերությունները մեծ պատրաստակամությամբ ուսանողներին պրակտիկայի են հրավիրում, քանի որ կադրերի պակաս ունեն»: Ռուբեն Բանուչյան (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, «Ռեստարտ» նախաձեռնություն). «Նախորդ հոկտեմբերին՝ գիտխորհրդի նիստի ժամանակ, երբ ՈՒԽ-ն բացակայում էր, Ձեր և որոշ դեկանների կողմից խիստ քննադատական խոսքեր հնչեցին ուսանողական կառույցի հասցեին: Մասնավորապես Դուք նշեցիք, որ ՈՒԽ-ն այն կառույցը չէ, որ ներկայացնում է ամբողջ ուսանողությունը, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նշեց, որ դրանք մի «թայֆա» են, ովքեր ընկերական շրջապատում ընտրում են իրենք իրենց: Արդյո՞ք այս ամիսների ընթացում Ձեր վերաբերմունքն ու գնահատականը փոխվել է ՈՒԽ-ի նկատմամբ, թե՞ ոչ: Եվ մյուս հարցը վերաբերում է լսարաններում օդորակիչների և շերտավարագույրների բացակայությանը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, կա՞ն վերջնաժամկետներ»: Արամ Սիմոնյան. «Խնդիրներ եղել են, չեմ ժխտում, սակայն դրանք, հուսով եմ, անցյալում են: Վերը նշված գնահատականները գուցե պահի ազդեցության տակ հնչած խոսքեր են եղել, որոնք սխալ են: Սակայն պետք է նշեմ, որ , այո՛, ՈՒԽ-ն դեռևս չի դարձել մեր ամբողջ ուսանողության շահերն արտահայտող կառույց: Այսօր ուսանողական կառույցն ավելի ակտիվ ու նպատակային է գործում, և հուսով եմ, որ մոտ ապագայում ՈՒԽ-ն կդառնա այն կառույցը, որը կխոսի ամբողջ ուսանողության անունից: Միշտ էլ ուսանողական խորհրդի հանդեպ հատուկ վերաբերմունք եմ ունեցել, քանի որ կանգնած եմ կառույցի կազմավորման ակունքներում: Մեր ՈՒԽ-ն այսօր ամենակազմակերպված ուսանողական կառույցն է, որը մեծ հեղինակություն ու հարգանք պետք է ունենա նախ և առաջ ուսանողության շրջանում: Ցավոք, ՈՒԽ-ն երբեք էլ, նույնիսկ խորհրդային կարգերի ժամանակ, ուսանողության լայն շրջանակում չի ունեցել հստակ հեղինակություն: Իմ խորին համոզմամբ՝ մեր հասարակության ամենամեծ թերություններից են երիտասարդության անկազմակերպվածությունը և հեղինակավոր լիդերների բացակայությունը: ՈՒԽ-ն հենց այդ հեղինակությունը պետք է լինի: Ինչ վերաբերում է օդորակիչների ու շերտավարագույրների հարցին, պետք է նշեմ, որ մեկ անգամ չէ, որ լսարաններում տեղադրվել են, սակայն դրանք անփույթ օգտագործման արդյունքում շատ հաճախ են փչանում: Օդափոխության հետ նույնպես մի շարք խնդիրներ կան, սակայն այդ ուղղությամբ, իհարկե մեր հնարավորություն սահմաններում, աշխատանքներ են տարվում: Պետք է հաշվի առնենք նաև այն, որ ԵՊՀ-ի էլեկտրականության համակարգը չի դիմանա մեծ թվով օդորակիչների աշխատանքին: Զինվե՛ք համբերությամբ, և բոլոր խնդիրները հետզհետե իրենց լուծումները կստանան»: Աննա Կոստանյան (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ). «Պարո՛ն Սիմոնյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մասնագիտական գրականության թարգմանության, մասնագիտական առարկաների ժամաքանակի, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով հագեցած մասնագիտական տաղավարի բացակայության խնդիրներ կան»: Արամ Սիմոնյան. «Վերջին երեք տարվա ընթացքում երկու տաղավար է ստեղծվել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ինչը կարծում եմ բավարար է: Տվյալ տաղավարները կահավորված եմ, առկա են համակարգիչներ, տեսախցիկներ և ֆոտոխցիկներ: Դրանք պետք է լիարժեք գործեն, իսկ թե ինչո՞ ւ չեն գործում, դա արդեն ուրիշ հարց է, որը քննարկման առարկա է: Ինչ վերաբերում է մասնագիտական գրականությանը, ապա պետք է նշեմ, որ բոլոր գրքերը չէ, որ պետք է հայերեն թարգմանված լինեն: Այսօր բոլոր ոլորտներում շատ արագ են փոփոխություններ լինում, անհնար է հասցնել այդ գործընթացների հետևից: Իսկ թարգմանությունները հսկայական գումարներ են պահանջում: Հորդորում եմ ձեզ լեզու ուսումնասիրել և օգտվել արտասահմանյան գրականությունից: Այսօրվա ուսանողը պետք է առնվազն երկու լեզու իմանա, հակառակ դեպքում նա լավ ուսանող չէ»: Իսկ ուսանողի այն հարցին, թե ի՞նչ ընթացք է տրվել նախորդ հանդիպման ընթացքում բարձրացված քննաշրջանի ժամկետների հետ կապված խնդրին, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Արդեն նախնական պայմանավորվածություն կա: Դեկանների հետ հանդիպումներ կունենանք, որպեսզի վերջնական հայտարարի գանք: Բնագիտական թևում կողմնակից են, որ քննաշրջանն երկու շաբաթ տևողություն ունենա, իսկ հումանիտար թևում՝ մեկ շաբաթ: Հաջորդ ուսումնական տարվա համար կոնկրետ կարգ կսահմանվի: Մարիամ Կարապետյան (Պատմության ֆակուլտետ). «Ուսանողները դժվարում են ուսման վարձը ժամանակին վճարել: Հնարավո՞ր է փոփոխություններ մտցնել այդ գործընթացում»: Արամ Սիմոնյան. «Բյուջեի մեծ մասը ձևավորվում է ձեր վարձավճարներից: Եթե դուք չեք վճարում, ապա համալսարանը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնում, և խոսքը միայն աշխատավարձերի մասին չէ: Բացի այդ՝ հարգելի՛ ուսանողներ, պետք է մի օր ընկալենք, որ ուժեղ է այն ազգը, այն հասարակությունը, որը պահպանում է օրենքի տառը: Դուք պայմանագիր եք ստորագրել, որով պարտավորվել եք երկու ամսվա ընթացքում վճարել վարձը: Այս իրավիճակում, եթե 50 կամ 100 հոգի չեն վճարում, ֆինանսական վիճակը լարվում է: Մենք հասկանում ենք, որ մարդկանց սոցիալական վիճակը բավարար չէ, դրա համար զեղչեր ենք անում: Անցած տարի միայն 400 մլն դրամի չափով զեղչեր ենք տրամադրել, ինչը մեր բյուջեի համար մեծ թիվ է կազմում»: Պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնի ուսանողուհի Լիլիթ Սարկիսյանի այն մտահոգմանը, թե ֆակուլտետում չկան համապատասխան սարքավորումներ օտար լեզուների ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար, ԵՊՀ ռեկտորը խոստացավ, որ հարցն անպայման կքննարկվի, հնարավորինս շուտ լուծում կստանա: Բացի այդ՝ ռեկտորը խոստացավ նաև, որ բաժնի համար ձեռք կբերվեն նաև նոր քարտեզներ: Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Վարսենիկ Օհանյանի հարցին, թե վերահսկվում է արդյոք մանկավարժության ցիկլը, քանի որ ուսանողները հավելյալ առարկաներ են անցնում հիմնական դասերից հետո, ռեկտորը պատասխանեց, որ այն ուսուցումը, որ հիմա արվում է, մեծ ջանքերի արդյունքում է վերականգնվել: Ռեկտորի հավաստմամբ՝ այդ ցիկլն ունի պահանջներ, որոնք մշակվել են նախարարության կողմից, և այդ պահանջներից մեկը այդ առարկաների պարտադիր ուսուցումն է: Բացի այդ՝ ուսանողուհին խնդրեց լսարաններում կախիչներ ամրացնել, ինչը Արամ Սիմոնյանը խոստացավ շուտ իրականացնել: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Հայարփի Դավեյանը և Արշալույս Ղազարյանը ռեկտորին դիմեցին այլ մասնաշենքում դասեր անցկացնելու անհարմարությունների, և մասնաշենքում անվտանգությունն առավել ուժեղացնելու խնդիրների լուծման համար: ԵՊՀ ռեկտորը խոստացավ քննարկել և համապատասխան միջոցներ իրականացնել: Արամ Սիմոնյանն ի պատասխան նույն ֆակուլտետի ուսանողուհի Աննա Նահապետյանի խնդրանքին՝ խոստացավ նաև, որ մասնաշենքում նստարաններ կտեղադրվեն: Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Ղահրամանյանն էլ ԵՊՀ ռեկտորին ասաց, որ իրենց ֆակուլտետի ՈՒԽ սենյակը լավ վիճակում չի գտնվում, տեղումների ժամանակ էլ ջուրը լցվում է ներս: Արամ Սիմոնյանը խոստացավ, որ սենյակը կվերանորոգվի, հարմարավետ պայմաններ կստեղծվեն ուսանողների համար: ԵՊՀ ՈՒԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության հանձնաժողովի քարտուղար Ռոզա Խաչատրյանն իր մտահոգությունը հայտնեց, որ ԵՊՀ պորտալը ծրագրային ապահովման առումով այնքան էլ արդյունավետ չի գործում, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց, որ շուտով պորտալը վերակազմավորվելու է: Բացի այդ՝ Գևորգ Էմին- Տերյանը խոստացավ, որ առաջիկայում ուսանողների համար հատուկ հավելված է ստեղծվելու, որի միջոցով յուրաքանչյուր ուսանող կկարողանա գտնել համալսարանին վերաբերվող ցանկացած տեղեկատվություն: ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Գարեգինյանը խնդրեց շաբաթական երկու օր որևէ դահլիճ ամրագրել, որտեղ կկարողանան անցկացնել իրենց փորձերը: Ռեկտորը խոստացավ անպայման տրամադրել: Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Հակոբյանի այն հարցին, թե ինչո՞ւ պետք է մագիստրոսական ծրագրի բացվելու համար ուսանողներն առնվազն տասը պետք է լինեն, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ ֆինանսական տեսանկյունից միայն այդ դեպքում է, որ արդարացվում է ծրագրի իրականացումը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Հարությունյանն ասաց, որ իրենց ֆակուլտետում կամընտրական առարկաները շատ տարբեր են, ինչը բարդացնում է ընտրության հարցը, որին Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ կզրուցի դեկանի հետ և անպայման փոփոխություններ կկատարվեն: Իսկ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Ժենյա Թոթոլյանի հարցին, թե ի՞նչ սկզբունք է գործում այդ առարկաների ընտրության համար, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց, որ միայն անձնական ցանկությամբ: [b]ԵՊՀ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր