211652_close_icon
views-count4717 դիտում article-date 14:31 13-04-2018

Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին: Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը ուսանողներին միևնույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջև շփումները ակտիվացնելու, համահայկական կարևորության խնդիրների քննարկման և մտքերի փոխանակման տեսանկունից: Այնուհետև խորհրդարանի նախագահը հանդես է եկել «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ: «Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու և արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ և զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք»,- առանձնացրել է Աշոտ Ղուլյանը: Անդրադառնալով հեռանկարային ծրագրերին և դրանցում երիտասարդության մասնակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ամենակարևոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը: Այս բնագավառում կարևորվել է կրթական ոլորտում հետևողական բարեփոխումների, մասնագիտական ճիշտ կողմնորոշման և երիտասարդության ներգրավվածության անհրաժեշտությունը: Բանախոսության ավարտին խորհրդարանի ղեկավարը, դիմելով ՀՀ բուհերի ուսանողներին, խորհուրդ է տվել ապագան պլանավորելիս մտածել ոչ միայն Երևանում կամ ՀՀ մյուս քաղաքներում աշխատելու մասին, այլ անպայմանորեն դիտարկել Արցախը՝ վստահ լինելով, որ Արցախում նրանց կարիքը միշտ կա: Պատասխանելով ֆորումի մասնակիցների հարցերին՝ անդրադարձ է կատարվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, հայկական կողմի դիրքորոշումներին և այլ թեմաների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր