211652_close_icon

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները լճի մակարդակի բացասական հաշվեկշռի պայմաններում

views-count6728 դիտում article-date 13:53 27-04-2018
Սեւանա լճից ոռոգման նպատակներով 2018 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակից սկսած իրականացվում են ջրբացթողումներ, ընդ որում, արդեն լճի ջրի մակարդակի բացասական հաշվեկշռի պայմաններում: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/931650.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 9 միլիոն 533 խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 37 միլիոն 785 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերի ելքերը կազմել են. Արգիճի գետում՝ 8,90 խմ/վրկ, Մասրիկ գետում՝ 8,77 խմ/վրկ, Գավառագետում՝ 5,18 խմ/վրկ: Մասնագետները տարին համարում են սակավաջուր, լճի մակարդակի բարձրացման նախադրյալների, ինչպես նաեւ ոռոգման շրջանի համար ոչ նպաստավոր: «Կուտակված ձյան շերտը սարերում աննշան է, վարարումները գրեթե բացառվում են: Գուցե եղանակների տաքացման հետ մի քանի օր գետերի ելքերն աննշան ավելանան, բայց չենք ունենա նախորդ տարիների գարնանային ջրային առատ պաշարները, որոնք ազդում էին Սեւանի մակարդակի բարձրացման, գետերի ջրատվության ավելացման վրա: Ոռոգման համար էլ աննպաստ տարի է կանխատեսվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի տեղակալ Հայկ Սհոյանը:

Նմանատիպ նյութեր