47585 դիտում
16:45 29-04-2018
Հարսանիք՝ սահմանին. Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում հարսանիք էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ապրիլի 28-ին հարսանիք էր՝ մեծ շուքով: Թալիշը ցնծության մեջ էր. ամուսնացող զույգերը հենց թալիշցիներ Տիգրան Պետրոսյանը եւ Լիլիթ Բրուզյանն էին:
2016-ի ապրիլյան ռազմագործողություններից հետո թալիշցիների առաջին հարսանիքն էր հենց հարազատ Թալիշում՝ վերանորոգված հանդիսությունների սրահում:
Հարսանիքին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը՝ տիկնոջ հետ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, շրջանի ուժային կառույցների եւ տարբեր բաժինների ղեկավարները՝ իրենց տիկնանց հետ:
Մասնակցում էին նաեւ N միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, Մատաղիսի զորամասի հրամանատարը, սպաներ, Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, լիազոր ներկայացուցիչ Լյովա Ապրեսյանը, թալիշցիներ. այդ օրը գրեթե բոլոր թալիշցիները գյուղում էին՝ մեծ ու փոքր:
Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, հարսանիքը կազմակերպվել է Մարտակերտի շրջվարչակազմի կողմից՝ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ:
Տիգրան եւ Լիլիթ զույգերն իրենց օրհնությունն են ստացել Թալիշի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ քահանա Տեր Դրավանցու ձեռամբ, որից հետո բոլոր մասնակիցների հետ միասին այցելել են Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին:
Մասնակիցները ծաղիկներ են դրել նաեւ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին:
Այնուհետեւ, ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնովին ավերված՝ այժմ կապիտալ վերակառուցված եւ օրվան համահունչ գեղեցիկ զարդարված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդեսը:
Օրվա բոլոր արարողություններն՝ ըստ հերթականության, շրջվարչակազմի ղեկավարի հրահանգմամբ էր կատարվում:
Թալիշի հանդիսությունների սրահում հարսանիքի օրհնության խոսք է ասել քահանա Դրավանցը, այնուհետեւ ամուսնությունն օրինականացվել է ՔԿԱԳ Մարտակերտի տարածքային բաժնի կողմից, որն անց է կացրել բաժնի պետ Սոնա Ադամյանը:
Նորապսակներին շնորհավորանքի խոսք է ասել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանը: Նա իր խոսքում նաեւ շեշտել է ապրիլյան պատերազմից հետո մեծ թափով ընթացող աշխատանքների մասին, որը միտում է՝ թալիշցիներին բարեկեցիկ կյանքով ապահովելու:
Շրջվարչակազմի ղեկավարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահին, ով իր ուշադրության կենտրոնում է պահում գյուղը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր: Իսկ նորապսակների համար շրջվարչակազմի կողմից պատրաստված նվերն ուղեգրի տեսքով էր՝ հանգստավայր մեկնելու:
Նորապսակներին նվեր է հանձնվել նաեւ տարածքում տեղակայված զորամասի կողմից: Շնորհավորանքի եւ շնորհակալության խոսք է ասել քավոր Սպարտակ Ավանեսյանը, ով ՊԲ սպա է:
Նա իր եւ նորապսակների ընտանիքների անունից հատուկ շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահին, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին՝ մեծ շուքով եւ կազմակերպված հարսանիքն անցկացնելու համար:
Հարսանիքի երաժշտական մասն ապահովել է «Լայֆ մյուզիկ»-ը, գեղեցիկ լուսավորությունը՝ տարբեր երանգներով «Ֆոկուս» ստուդիան, Երեւանի «Ռոյալ ռոյլ» ընկերությունն եւս իր աջակցությունն է ունեցել:
Հարսանիքը վարել է հաղորդավարուհի Նինել Գաբրիելյանը:
Իհարկե, Թալիշում հարսանիք էր, եկեք ասենք հենց առաջինը՝ դիրքում կանգնած զինվորների շնորհիվ, որոնք ապահովում են մեր անվտանգությունը: Իհարկե, այդ պահին դիրքերում կանգնած զինվորներն էլ ավելի զգոնությամբ սահմանն էին հսկում՝ իրենց համար փոքր ինչ լսելի երաժշտության ներքո:
Բոլորին խաղաղություն ենք մաղթում, իսկ հարսանիքներ թող շատ լինեն, նաեւ՝ հենց սահմանին:
Նշենք նաեւ, որ պետական միջոցներով բոլոր հարմարություններով կապիտալ վերանորոգվել է Տիգրան Պետրոսյանի հայրական երկհարկանի տունը եւ ամբողջությամբ կահավորվել:
[b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
Նմանատիպ նյութեր
4398 դիտում
12:43 07-08-2014
Վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ. տեսանյութ
2445 դիտում
15:28 27-06-2015
Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղեր. լուսանկարներ
1499 դիտում
14:31 22-07-2015
ԵԱՀԿ-ի դիտարկումը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ անցել է առանց միջադեպերի