7406 դիտում
15:24 30-04-2018
Ալեքսեյ Շոր. «Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հիանալի է ներկայացնում իմ ստեղծագործությունների նրբերանգները»
Ապրիլի 29-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթի լավագույն վեց մասնակիցները եզրափակիչ փուլում հանդես եկան մալթյան միջազգային փառատոնի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Մրցույթի ֆինալիստներ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան) և Աննա Ուլաևան (Ուկրաինա/Ավստրիա) նվագախմբի հետ կատարեցին Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Իսրայելը ներկայացնող Բեն Հոլզմանը կատարեց Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Գեն Լին (Չինաստան/Մեծ Բրիտանիա) և Շիոն Օտան (Ճապոնիա) հանդես եկան Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտով, Չինաստանը ներկայացնող Յանգքիու Լյուն նվագեց Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը։ Ժյուրիի որոշմամբ առաջին պատվավոր մրցանակը հանձնվեց Աննա Ուլաևային (Ուկրաինա/Ավստրիա), ով որպես պարգևավճար ստացավ 100000 եվրո։ Երկրորդ մրցանակակիր դարձավ Ճապոնիան ներկայացնող մասնակիցը՝ Շիոն Օտան, իսկ երրորդ տեղում էր Յանգքիու Լյուն (Չինաստան)։ Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Աղաքարյանը 6-րդն էր։
Ապրիլի 29-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ևս մեկ իրադարձություն էր նախատեսված. համերգով հանդես եկավ Խաչատրյանի անվան տրիոն։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները, որոնք ներառված են հանրահայտ Sony ֆիրմայի կողմից թողարկված ձայնասկավառակում։ Ի դեպ, երեկ հանրությանը ներկայացվեց նաև ձայնասկավառակը։
«Խաչատրյանի անվան եռյակը շատ ինքնատիպ կոլեկտիվ է՝ իր սեփական ոճով ու հնչողությամբ։ Այդ իսկ պատճառով ի սկզբանե ակնկալում էի շատ լավ արդյունք և ես չսխալվեցի»,- ձայնասկավառակի և տրիոյի մասին խոսելով՝ ասաց Ալեքսեյ Շորը։
Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը նշեց, որ եվրոպական շուկայում ճանաչում ձեռք բերելը հայ երաժիշտների համար հեշտ գործ չէ։ Սակայն մալթյան և հայկական երաժշտության համատեղումը մեկ ձայնասկավառակում, ըստ երաժշտի, կապահովի հաջողություն։
«Ալեքսեյ Շորը չէր ասում մեզ, թե ինչպես նվագենք,- շարունակելով թեման՝ ասաց Կարեն Շահգալդյանը,- նա շատ լավ պատկերացնում է՝ ինչ է իրեն անհրաժեշտ կատարողներից, սակայն իրեն թույլ չի տալիս միջամտել ստեղծագործական պրոցեսին։ Մենք աշխատել ենք շատ դինամիկ»։
Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը շեշտադրեց նոր ձայնասկավառակի եզակիությունը։ Նա նշեց, որ իրենք արդեն ձայնագրել են 9 ձայնասկավառակ, սակայն առաջին անգամ են ներկայացնում հայ և մալթացի հեղինակների կոմպոզիցիաների համադրությունը։
Նշենք նաև, որ լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսեյ Շորը իր բարձր գնահատականը հայտնեց նախորդ երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Սալվատորե Ակարդոյի ելույթի կապակցությամբ՝ փոխանցելով, որ չափազանց տպավորված է։ Իսկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հիանալի կարողանում է ներկայացնել իր ստեղծագործության նրբերանգները:
Տեղեկացնենք նաև, որ Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում այսօր ցուցադրվելու է Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը։ Այն Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն ու միևնույն ժամանակ ներդաշնակությունն է։
Նշենք, որ այսօր երեկոյան Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»