211652_close_icon
views-count10001 դիտում article-date 12:54 09-05-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, 26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին: Այն դարձավ արցախահայության անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ նախադրյալներ ստեղծեց Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու, այսօր ամուր պաշտպանված սահմաններ ունենալու համար: Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի եւ համազգային միասնության շնորհիվ: Շնորհավորելով բոլորիս ու առաջին հերթին Երկրապահ կամավորականներին` խոնարհվենք մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի սահմանների ու հայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Այսօր մենք տոնում ենք նաեւ Հաղթանակի ու խաղաղության օրը: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի համար հայ ժողովուրդը շատ թանկ գին վճարեց: Ատելության վրա հիմնված գաղափարախոսությունն աշխարհում քաշել էր այնպիսի բաժանարար գծեր, որոնք վերացնելու համար զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, խորտակվեցին հարյուր միլիոնավորների ճակատագրերը: Մայիսի 8-ը եւ 9-ը աշխարհում նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման եւ հաշտեցման օրեր: Միշտ հիշենք, որ տարբեր գաղափարներն ու տեսլականները պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն կամ արհեստական բարիկադներ կառուցեն տարբեր ըմբռնումների տեր մարդկանց միջեւ: Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոների առթիվ, խնկարկում հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկածների հիշատակը եւ մաղթում, որ միասնական ջանքերով կարողանանք խաղաղության ամեն մի օրն օգտագործել Հայաստանի ու Արցախի հզորացման, սահմանների պաշտպանության ամրապնդման եւ ժողովրդի բարօրության համար»։

Նմանատիպ նյութեր