9056 դիտում
15:46 19-05-2018
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները` քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միևնույն ժամանակ մենք մեր հույն և Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել և հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական և հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին` թուրքական ժխտողականության հետևանք էին թե 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները և խաղաղ բնակչության, և զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է` մենք պայքարող ժողովուրդ ենք և պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետև Աստված է մեզ հետ և որովհետև մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:
Շարմազանովն ընդգծեց, որ իր համար և ապրիլի 24-ը, և մայիսի 19-ը նախևառաջ վերածննդի օր են: «Այդ օրերը ինձ համար ոչ թե լացելու, այլ վերաիմաստավորելու, ազգային համախմբման օրեր են: Բնականաբար, ես և հունական, և հայկական ցեղասպանության ժառանգորդն եմ: Ես հայրական կողմով հունական ծագում ունեմ, մայրական կողմով՝ հայկական: Ինչպես ասել եմ` ես 100 տոկոսով հույն եմ ու հարյուր տոկոսով հայ եմ: Եվ դա ինձ կրկնակի ուժ է տալիս կրկնակի եռանդով պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաև Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Մենք ունենք շատ լավ փորձ և միասնաբար պետք է պայքարենք»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:
Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաև Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան:
Նմանատիպ նյութեր
1284 դիտում
15:00 19-05-2014
Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին
21165 դիտում
21:23 10-04-2015
Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված