211652_close_icon
views-count3073 դիտում article-date 13:50 21-05-2018

Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել Է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս): Այդ մասին հայտնել Է Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան, փոխանցում է Interfax-ը։ «Քվեաթերթիկների 92,6 տոկոսի հաշվումից հետո մենք կարող ենք ասել, որ Նիկոլաս Մադուրոն ստացել Է 5 մլն 823 հազար 718 ձայն, (ընդդիմադիր թեկնածու) Էնրի Ֆալկոնը՝ 1 մլն 820 հազար 552 ձայն եւ Խավիեր Բերտուչին՝ 925 հազար ձայն»,- ասել Է Լուսենան: «Արդյունքներն անշրջելի բնույթ են կրում»,- նշել Է նա եւ հավելել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,01 տոկոս: Այսպիսով, Մադուրոն պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2025 թվականը: Ընդդիմության առաջնորդ Էնրի Ֆալկոնը հրաժարվել Է ճանաչել ընտրությունների արդյունքները: «Մենք չենք ճանաչում այս ընտրական գործընթացը եւ այն անօրինական ենք համարում»,- գրել Է քաղաքական գործիչը Twitter-ում: Ֆալկոնի տվյալներով՝ ընդամենը 142 հազար դիմում Է ներկայացվել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների եւ իր ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Նա պահանջել Է անցկացնել նոր ընտրություններ: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրաժարվել Է օրինական ճանաչել Վենեսուելայի ընտրությունները: Համանման դիրք են բռնել Արգենտինայի, Չիլիի եւ լատինամերիկյան մի շարք այլ երկրներ։

Նմանատիպ նյութեր