211652_close_icon

Բուհերի ղեկավարները չպիտի փոխվեն քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ. «Առավոտ»

views-count5454 դիտում article-date 11:49 30-05-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բուհերից մեկի ուսխորհրդում, որքան էլ զարմանալի է, հայտնվել էին բավականին համարձակ ուսանողներ, որոնք սկզբունքորեն դեմ էին արտահայտվում ռեկտորի այն քայլերին, որոնք ճիշտ չէին համարում: Ավելին, նրանք կոնկրետ դեպքում հասան նրան, որ ռեկտորը նահանջեց իր ծրագրից: Հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ռեկտորը միանգամից զգաց, թե ինչպես կարելի է օգտագործել համապատասխան «ակտիվիստի» խանդավառությունը և հեղափոխական տրամադրությամբ բռնկված չեզոք ուսանողների տրամադրությունը և «հաշիվ մաքրեց» ինքնուրույնության դրսևորումներ ունեցող ուսխորհրդի հետ՝ «մահանա բռնելով», որ նրանք ՀՀԿ-ական են: Այդպես էլ է պատահում: Հեղափոխությունը շատերի համար հնարավորություն է ստեղծում ազատ շնչելու, առանց ճնշումների ապրելու և աշխատելու: Իսկ ոմանց համար էլ՝ հարմարվելու, վրեժ լուծելու, անձնական խնդիրներ լուծելու: Կառավարությունը փոխվել է՝ լավ է, Ազգային ժողովը պետք է փոխվի արտահերթ ընտրությունների միջոցով՝ հույս ունենանք, որ Փաշինյանի թիմը ոչ մի պարագայում հետ չի կանգնի այդ գաղափարից, կոռումպացված չինովնիկները պետք է հայտնվեն ճաղերի հետևում, օլիգարխները (նաև ներկա իշխանության դաշնակիցները) պետք է մտնեն հարկային դաշտ: Այդ ամենն անվիճելի է: Մնացած հարցերում «հեղափոխական սուր ճոճելուց» պետք է հնարավորինս շրջահայաց լինել: Որովհետև անպայման կհայտնվեն «շուստրիներ», որոնք «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի քողի տակ կփորձեն լուծել իրենց խնդիրները: Արամ Սիմոնյանը աշխարհի լավագույն ռեկտորը չէ և, ըստ ամենայնի, պետք է փոխվի: Բայց կարևոր է նաև փոխելու ձևը: Երբ կառավարությունն ուղարկում է իր ակտիվիստներին, որոնք մեղադրյալի աթոռին են նստեցնում ռեկտորին, իսկ այնուհետև պառկում են նրա դռան առջև` հրաժարական պահանջելով, դա համալսարանի ղեկավարությանը փոխելու լավագույն ձևը չէ: Չգիտեմ, թե կոնկրետ ում համար է կառավարությունը ռեկտորի տեղ բացում, բայց պետք է հաշվի առնել հետևյալը՝ եթե նրանց այսօր դուր չի գալիս ՀՀԿ-ական ռեկտորը, վաղը կարող է գալ մեկ այլ կառավարություն, որին դուր չի գա ՔՊ-ական ռեկտորը: Իսկ բուհերի ինքնավարության իմաստն այն է, որ դրանց ղեկավարները չպիտի փոխվեն քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ: Կարելի է ամեն ինչ անել սահմանված կարգով` որքան էլ որ դա ժամանակ պահանջի: Նույնը նաև՝ հասարակական կազմակերպությունները: Օրինակ՝ Ֆուտբոլի ֆեդերացիան: Ռուբեն Հայրապետյանը այդ կազմակերպության լավագույն ղեկավարը չէ, սակայն նրա դեմ սկսված արշավի դեպքում խնդիրը բոլորովին այլ տեղ է. Ֆեդերացիան տուգանել է ակումբներից մեկին, ճիշտ թե սխալ՝ դատարանը կպարզի, այդ թվում նաև՝ միջազգային: Բայց ակումբը ցանկանում է խուսափել տուգանքից ոչ թե դատարանի միջոցով, այլ զուտ քաղաքական ակտիվիզմ հրահրելով: Եվ դարձյալ՝ վաղը տեղի կունենա հաջորդ իշխանափոխությունը, և գայթակղություն կառաջանա ցանկացած իրավական վեճ լուծել քաղաքական շահարկումների միջոցով: Նույնը կարող է պատահել, ասենք, գրողների կամ կոմպոզիտորների միության հետ: Դրա համար եմ ասում՝ ամեն ինչի մեջ պետք է պահպանել զսպվածությունը և չափի զգացողությունը: Նույնիսկ՝ հեղափոխության մեջ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր