4971 դիտում
10:52 31-05-2018
Լեգենդար ամերիկացի դիրիժոր Նեեմե Յարվին առաջին անգամ հանդես կգա Երևանում՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնում
Հունիսի 11-ին տեղի կունենա Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Համերգը ղեկավարելու համար Ամերիկայից Երևան է ժամանելու ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: 92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է բարոկ և դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ:
Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն:
Դարի ականավոր դիրիժորներից մեկի` Նեեմե Յարվիիի հետ հադիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ:
Համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում:
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իրադարձային այցը Հայաստան և համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»