211652_close_icon
views-count55551 դիտում article-date 20:49 07-08-2018

Հներին հանեք նորերին նշանակեք. մարզպետն ասել է՝ նախարարն է հրահանգել. newsbook.am

Արարատի մարզում մեկնարկած մարզպետ-բուժկենտրոնի ղեկավարներ «բանավեճը» կարծես թե առաջիկայում նոր զարգացումներ է ենթադրում: Հաղորդում է [url=http://newsbook.am/?p=123838&l=am]newsbook.am[/url]-ը։ Ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Արարատի նորանշանակ մարզպետը կոնֆլիկտ է հրահրում իր և մարզի բուժկենտրոնների ղեկավարների միջև: Վերջինս առանձին-առանձին իր մոտ էր կանչել մարզի բուժհաստատության ղեկավարներին՝ հորդորելով նրանց ինքնակամ դիմում ներկայացնել և հեռանալ: Այս գործըթնացին զուգահեռ մարզպետը հներից «ազատված» պաշտոններն արդեն իսկ իր շրջապատի մարդկանց է խոստացել: Ի դեպ՝ օրերս Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Սոկրատ Հախվերդյանը հանդես էր եկել գրառմամբ, որտեղ նշել էր. «Արարատի մարզի մարզպետը ինձ հրավիրեց և առաջարկեց համաձայնել տեղափոխվել նախկինում իմ զբաղեցրած Արատաշատ ԲԿ ՓԲԸ Վերակենդանացման և ինտենսիվ բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնին՝ հղում անելով, թե ինքը առողջապահական հարցերին լավատեղյակ չէ ու դա նախարարի որոշումն է»: Գրառման մեջ Հախվերդյանը նաև տեղեկացրել էր, թե մարզպետն ասել է, որ մոտ 90-95 բուժհիմնարկների տնօրեններ պետք է փոխվեն, քանի որ հին իշխանությունները նշանակել են իրենց մարդկանց և հիմա նորը նշանակելու է իրենցը: «Պատասխանս բացասական էր: Ի գիտություն մարզպետի՝ հայտնեցի, որ երբեք որևէ մեկի մարդը չեմ եղել, ներկայումս չեմ, չեմ էլ պատրաստվում լինել ապագայում: Եվ ի՞նչ է նշանակում լինել սրա կամ նրա մարդը: Ես մինչև հիմա կարծում էի, թե մենք ՀՀ քաղաքացիներ ենք՝ անկախ մեր բնակավայրից և հայացքներից, միասնական հայ ազգի մաս ենք կազմում»: Հավելենք նաև, որ դարձյալ, ըստ մամուլի հրապարակուների, նորանշանակ մարզպետը բուժհաստատությունների ղեկավարներին հորդորել է հանգիստ ճանապարհով հեռանալ, այլապես սպառնացել է ԱԱԾ-ով ու իրավապահ մարմինների ստուգումներով: NewsBook-ի տեղեկություններով այս պահին արդեն լայնածավալ ստուգումներ են իրականացվում «Մասիսի» բժշկական կենտրոնում:  «Վեդու» բժշկական կենտրոնում ևս ստուգումներ են սկսել: Ավելին՝ ստուգումներն ընթանում են ինտերեկտիվ եղանակով. անուն առ անուն հարցումներ են իրականացվում կենտրոնում վիրահատված հիվանդների շրջանակներում, օրինակ՝ որ վիրահատության համար ինչքան են վճարել:   Թե ինչու է Գարիկ Սարգսյանը սևեռվել Արտաշատի, Մասիսի և Վեդու ԲԿ-ների ղեկավարներից ազատվելու մտքի վրա, Aravot.am-ի  աղբյուրը այսպես էր պարզաբանել. «Այդ երեքին «տեր» չկա: Իսկ 4-րդ-ը՝ Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը, քավոր-սանիկական կապերով ամրագրել է իր տեղը»:  Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Արարատի նորանշանակ մարզպետը որոշել է ազատվել ԲԿ տնօրեններից՝  հղում անելով նախարարին: Նկատենք, սակայն, որ այս բուժհաստատությունները մարզպետարանի ենթակայության տակ են, և մի քիչ անտրամաբանական է  նախարարին խառնել այս հարցին: Ինչ վերաբերում է սկզբունքին՝ ազատվել բոլորից, որոնք նշանակվել են նախկինների օրոք, և նշանկել նորերին, ապա սա էլ հակասում է նոր կառավարության գործելաոճին: Վերջին հաշվով սիրո և համերաշխության հեղափոխության ալիքի վրա ձևավորված կառավարության գործունեության հիմքում այնպիսի արժեքներ են, որոնք դուրս են յուրային - ոչ յուրային հարթությունից:  Բոլոր դեպքերում անկախ մարզում խմորվող իրավիճակից NewsBook-ը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը՝ խնդրելով մեկնաբանել մարզպետի այս հայտարարությունը: Զարգացումները՝ հաջորդիվ: Աղբյուրը՝ [url=http://newsbook.am/?p=123838&l=am]newsbook.am[/url]

Նմանատիպ նյութեր