6032 դիտում
11:02 27-08-2018
Տարկետումներ, առողջական հիմքով զորացրումներ, տեղափոխում զինվորական հոսպիտալներ. Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչով ստացած բողոքները
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:
Դրանցից 27 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
բողոքների քննարկման շրջանակում գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններ։ Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների, զինկոմիսարիատների ծառայողների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ.
Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար ՀՀ կառավարության որոշումներով 6 քաղաքացու տրամադրվել է տարկետում.
Պաշտպանի առաջարկների հիման վրա իրականացվել են լրացուցիչ բժշկական հետազոտություններ, նշանակվել կրկնակի փորձաքննություններ, որոնց արդյունքում 4 քաղաքացի առողջական վիճակի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, 2 քաղաքացու տրամադրվել է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով:
7 քաղաքացի սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար: 3 քաղաքացի բողոք ներկայացնելուց հետո խնդրել է բողոքը թողնել անհետևանք, քանի որ բարձրացված հարցերը ստացել են դրական լուծում (տրամադրվել է տարկետում): 6 քաղաքացի զինվորական ծառայության մեկնելուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, ներկայում անցնում է բժշկական հետազոտություն և ստանում բուժում:
Զորակոչի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ բողոքներ ներկայացվել են նաև զորակոչի ավարտից հետո: Առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացվել է 3 բողոք, որոնց կապակցությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Բողոքներում բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելուն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, եղբայրների միևնույն զորամասում ծառայելու իրավունքին:
Պաշտպանը բարձր է գնահատում զորակոչի ընթացքում համատեղ աշխատանքը Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության հետ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:
Նմանատիպ նյութեր
1744 դիտում
13:47 10-09-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»