211652_close_icon
views-count5146 դիտում article-date 10:17 28-08-2018

Խորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Հատկանշական է փաստը, որ երեկվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր միայն ԱԺ-ն, մինչդեռ ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի կայքում այդ մասին չկար որևէ տող: Փաշինյանն ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին չի գրել անգամ ֆեյսբուքյան իր էջում: Կարելի է ենթադրել, նա պարզապես չի կարևորել տեղի ունեցածը: Փոխարենը, ԱԺ հաղորդագրության մեջ մանրամասներ կան հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. «եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով և միևնույն ժամանակ որևէ կերպ չվնասի արդարադատությանը»: Նաև խոսք կա առավելագույնը մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին. դրույթ, որն ամրագրված է նաև ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրում, և որի մասին հիշատակվել է նաև Փաշինյան-Բաբլոյան հանդիպման ժամանակ: Ու պետք է արձանագրենք. երեկվա հանդիպմամբ, ԱԺ ՀՀԿ-ական նախագահն ինքը ևս մեկ անգամ փաստել է, որ խորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, անգամ այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելուն: Պարզապես հիմա այդ ուղղությամբ պետք է լայն քննարկումներ ընթանան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր