211652_close_icon
views-count25163 դիտում article-date 13:14 06-09-2018

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվելուց բացի առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որն ուղղված է ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան: Համաձայն գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն 500 հազար դրամ: Այսինքն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումն սկսվում է երրորդ երեխայից սկսած: Փոփոխություններով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետևյալն է` 16 051, 15 850, 15 032: 2018թ. 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ: Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018թ. պետբյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում: Արծարծված հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ, մասնավորապես՝ զույգ երեխայի դեպքում կրկնապատկել ծննդյան միանվագ նպաստի չափը: Վարչապետի առաջարկով որոշման ընդունումը հետաձգվել է՝ հաջորդ նիստին հնչեցրած առաջարկություններով լրամշակված տարբերակ ներկայացնելու համար: Կառավարության ղեկավարը, ընդգծելով թեմայի կարևորությունը, հույս է հայտնել, որ ծննդօգնության, ծնելիության խթանման համար նախատեսված գումարները հաջորդ տարի չեն բավականացնի և անհրաժեշտություն կլինի տարվա կեսին այդ գումարներն ավելացնել: «Սա շատ կարևոր թեմա է, և մեզ հարկավոր է ծնելիության բում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր