5850 դիտում
11:47 13-09-2018
Արտահերթ նիստ. ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հարցով ԱԺ-ն քննիչ հանձնաժողով է ձեւավորում
ՀՀ Սահմանադրության 108-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ մասին ԱԺ նիստում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նրա խոսքով, այդ նպատակով, այսօր ԱԺ նիստի անմիջապես ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու հանձնաժողովը ստեղծելու մասին։
Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։
ԱԺ արտահերթ նիստը կգումարվի այսօր կեսօրից հետո:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:
Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:
Նմանատիպ նյութեր
28873 դիտում
21:52 11-09-2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»