211652_close_icon
views-count4364 դիտում article-date 23:40 25-09-2018

Թուֆենկյան հիմնադրամը նշում է Արցախում գործունեության 15-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Թուֆենկյան հիմնադրամը հանդիսավոր կերպով նշեց Արցախում գործունեության իր 15 ամյակը։Այս առիթով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվեց հատուկ միջոցառում՝ ֆոտո ցուցահանդես և կլոր-սեղան քննարկում։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՀ պետական պաշտոնյաներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր Սփյուռքից, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներն և շահառուներ։ 1998թ․-ին գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից հիմնադրված կազմակերպությունը ստեղծվել էր արձագանքելու համար հայ հանրության առջև ծառացած առավել հրատապ և կարևոր սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներին։ 2003թ․-ին հիմնադրամն ընդլայնեց իր առաքելությունն ու գործունեության շրջանակը՝ ներառելով Արցախը, որտեղ այն աշխատում է ազատագրված տարածքների վերակառուցմամբ, վերաբնակեցմամբ և զարգացմամբ։ Աշխատելով Արցախի ամենախոցելի և հեռավոր համայնքներում, Թուֆենկյան հիմնադրամը կառուցում է տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և կլինիկաներ, ստեղծում կամ վերականգնում է ջրամատակարարման և ոռոգման համակարգեր, բնակարաններով է ապահովում վիրավոր զինվորներին, վերաբնակիչներին, փախստականներին և տեղի բնակիչներին, վերանորոգում է Արցախի պատմական և մշակութային կառույցները, նպաստում է Արցախի մասին միջազգային լրատվամիջոցներում արդար և բալանսավորված լուսաբանմանը և այլն։ Հիմնադրամի 15-ամյակին նվիրված միջոցառումը բացվեց ֆոտո-ցուցահանդեսով, որը հյուրերին հնարավորություն տվեց յուրօրինակ ճանապարհորդություն կատարել հիմնադրամի գործունեության 15 տարիների միջով։ Այնուհետև, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը ներկայացրեց հիմնադրամի աշխատանքը Արցախում՝ կենտրոնանալով հիմնական ձեռքբերումների և կատարված փոփոխությունների վրա։ [b] Ամփոփելով վերջին 15 տարիների աշխատանքի արդյունքները, ներկայացվեցին հետևյալ փաստերն ու թվերը՝[/b] • Կատարվել են ավելի քան 150 շինարարական աշխատանքներ • Քաշաթաղի վերաբնակիչների, այդ թվում սիրիահայերի համար կառուցվել կամ վերանորոգվել են 108 տներ • 5 դպրոցներ են կառուցվել կամ վերանորոգվել Արցախի սահմանային գյուղերում, կրթության հնարավորություն ընձեռելով ավելի քան 200 երեխաներին • 9 տներեն գնվել, կառուցվել կամ վերանորոգվել Արցախի վիրավոր զինվորների համար (ևս 3 զինվորներ նոր տուն կստանան մինչև այս տարվա վերջ) • 4 բժշկական կլինիկաներ են կառուցվել կամ վերանորոգվել, բժշկական խնամք ապահովելով ընդհանուր թվով 50 գյուղերի համար • Ջրամատակարարման և ոռոգման համակարգեր են ստեղծվել 7 գյուղերում, մաքուր խմելու և ոռոգման ջուր ապահովելով ավելի քան 850 գյուղացիների համար • 51 հեկտար հողատարածքներ են մշակվել ազատագրված տարածքներում • 50 մշտական աշխատատեղեր են ստեղծվել • 115 անձինք վերաբնակեցվել են հիմնադրամի կողմից կառուցված Առաջամուղ գյուղում Շնորհավորելով Թուֆենկյան հիմնադրամին այս կարևոր տարելիցի կապակցությամբ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանն ասաց․ «Թուֆենկյան հիմնադրամի աշխատանքը Արցախում պարզապես անգնահատելի է, և շատ կարևոր է, որ այս աշխատանքը շարունակվի, ինչպես Թուֆենկյան հիմնադրամի, այնպես էլ այլ կազմակերպությունների և Արցախի կառավարության կողմից»։ Ֆոտո-ցուցահանդեսին հաջորդեց կլոր-սեղան քննարկում Արցախի հետագա զարգացման և վերաբնակեցման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցեցին Թուֆենկյան հիմնադրամի, այլ բարեգործական կազմակերպությունների, ԱՀ նախարարությունների, Ազգային ժողովի և այլ պետական մարմինների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներն ու շահառուները։ Հանդիպման սկզբում մասնակիցները քննարկեցին նախորդ 15 տարիների ընթացքում Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը և գնահատեցին իրականացված գործողությունների արդյունքները։ Այնուհետև ակտիվ քննարկում ծավալվեց ապագա ծրագրերի վերաբերյալ, որի ընթացքում հատկապես շեշտադրվեցին տնտեսական զարգացման, աշխատանքի հնարավորությունների ստեղծման, կենսամակարդակի բարելավման, վերաբնակեցման համար բարենպաստ պայմանների ապահովման, կրթական և առողջապահական հիմնախնդիրների վերջնական կարգավորման, ինչպես նաև Արցախի հետագա հզորացման ճանապարհային քարտեզի ստեղծման վերաբերյալ հարցերը։ Շեշտելով զարգացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, ԱՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ասաց «Անկախ քաղաքական իրավիճակից, մենք պետք է շարունակենք վերաբնակեցնել և հզորացնել Արցախը»։ Որպես վերաբնակեցման հիմնական նախապայման նշվեց վերաբնակիչների և ներկայիս բնակիչների համար աշխատանքի ապահովումը։ «Առանց աշխատելու և ապրուստի միջոցներ վաստակելու հնարավորության, Արցախի վերաբնակեցումն ու զարգացումն անհնար է։ Անհրաժեշտ է վերաբնակիչների համար զբաղվածության ապահովման հստակ ծրագիր ունենալ», ասաց Թուֆենկյան հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Էդիկ Գրիգորյանը։ Ազատագրված տարածքների, մասնավորապես Քաշաթաղի զարգացման համընդհանուր ծրագրի կամ ռազմավարության պակասը մեկ այլ խնդիր էր, որը մատնանշվեց մասնակիցների կողմից։ [b] Քննարկման արդյունքում վերհանվեցին հետևյալ հիմնական եզրակացությունները՝[/b] • Արցախի հարցը պետք է լուծի Արցախը։ • Արցախի վերաբնակեցումը, վերակառուցումն ու զարգացումը պետք է շարունակվի անկախ քաղաքական իրավիճակից։ • Աշխատանքի հնարավորությունների ապահովումը կենսական նշանակություն ունի ազատագրված տարածքների վերաբնակեցման համար։ Ապագա աշխատանքները պետք է կենտրոնացվեն այս ուղղությամբ։ • Անհրաժեշտ է մշակել Քաշաթաղի զարգացման համընդհանուր ծրագիր/ռազմավարություն, որը կներառի ազատագրված գյուղերի վերաբնակեցմանն ուղղված հստակ գործողություններ։ • Մարդկային ռեսուրսների/հմուտ աշխատուժի պակասը խոչընդոտում է Արցախի զարգացմանը։ Անհրաժեշտ է թիրախավորված գործողություններ կատարել վերապատրաստման և հմտությունների համալրման ուղղությամբ։ • Անհրաժեշտություն կա բարձրացնել Արցախի մասին իրազեկումը հայկական սփյուռքի և միջազգային հանրության շրջանում։ Թուֆենկյան հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել գործի դնել քննարկման արդյունքներն ու եզրակացությունները՝ Արցախի հետագա զարգացմանը, վերաբնակեցմանն ու վերակառուցմանն ուղղված իր ծրագրերում, շարունակելով համագործակցել այլ կազմակերպությունների, պետական մարմինների և շահագրգիռ այլ կողմերի հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր