211652_close_icon
views-count4607 դիտում article-date 15:24 27-09-2018

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ: Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Ըստ նրա՝ առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացելու միտում: «Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու որպես կանոն կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար»,-ասել է ֆինանսների նախարարը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ 2019 թ.-ից այլևս պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան: «Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացվել այդ արդյունքերին հասնելու համար»,-նշել է ֆինանսների նախարարը: Նշվել է նաև, որ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս: Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» օրինագծին, նշել է. «Մենք նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում Հարկային, այդ թվում նաև տնտեսության վրա ազդեցություն գործող այլ օրենսդրություն, բարեփոխումներ ենք առաջարկում: Աշխատանքներ են տարվելու նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք հանգեցնելու են ծախսային արդյունավետության: Կարծում եմ՝ դրանք ազդեցություն են ունենալու 2019 թ. բյուջեի վրա, և մենք հընթացս որոշակի փոփոխություններ անելու ենք դեպի էլ ավելի լավը»: Հավանություն է տրվել նաև «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը դատական կարգով իրականացնելու հնարավորություն կլինի միայն այն դեպքերում, երբ ամուսնալուծության պահանջի հետ մեկտեղ կներկայացվեն նաև այլ պահանջներ: Արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը: Հավանության է արժանացել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դատավորների ընտրության և նշանակման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Օրինագծերով, մասնավորապես, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով: Սահմանվել է նաև համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը: Հավանություն է տրվել նաև ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Օրենքի նախագծով առաջարկվող դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ հարկադիր կատարողը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար: Ընդունելի համարելով նախագծով նախատեսված ընդհանուր կարգավորումները՝ միաժամանակ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ: Կառավարության առաջարկությունների համաձայն, մասնավորապես, քննարկման կարիք ունի նաև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ ամբողջ ծավալով օրենքի կիրառումը պահանջում է տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացում:

Նմանատիպ նյութեր