211652_close_icon
views-count7821 դիտում article-date 10:48 06-10-2018

Հայաստանում և Արցախում այսօր հայտարարված է սգո օր` ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Աշխարհահռչակ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարված: Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա աշխարհահռչակ երգչի հուղարկավորության արարողությունը, որին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ, Հայաստանում հայտարարվել է սուգ` ի հիշատակ Շառլ Ազնավուրի։ Այսօր նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները, Հայաստանում և օտարերկրյա պետություններում կխոնարհեն պետական դրոշը: Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում կբացվեն սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում կդադարեցվեն զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը՝ 94 տարեկան հասակում։ Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Ազնավուրի հրաժեշտի արարողությունը։ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել՝ 180 մլն։

Նմանատիպ նյութեր