211652_close_icon
views-count1959 դիտում article-date 13:17 11-10-2018

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Միջնավանի դպրոց երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բանավոր բողոքներ է ստացել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի որոշ աշակերտների ծնողներից ու աշխատակիցներից՝ վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակի մասին, ինչի հետևանքով զգալի թվով ծնողներ իրենց երեխաներին չեն ուղարկել ուսումնական պարապմունքներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բանավոր բողոքների հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքը քննարկման ընդունելու մասին: Իսկ հոկտեմբերի 10-ին ՄԻՊ հաստատության ներկայացուցիչները մեկնել են Միջնավան՝ տեղում համակողմանիորեն ուսումնասիրելու խնդիրը: Նրանք առանձնազրույցներ են ունեցել մի խումբ աշակերտների, ծնողների, մանկավարժական կազմի և տնօրենի հետ: Առանձնազրույցների և դիտարկման այլ աշխատանքների ընթացքում արձանագրվել են երեխայի իրավունքներին վերաբերող մի շարք բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՄԻՊ աշխատակազմը շեշտադրում է հետևյալ դրույթները՝ Անթույլատրելի են երեխաների հանդեպ վատ ու խտրական վերաբերմունքի, բռնության կիրառման, անհամաչափ սահմանափակման և երեխայի մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի այլ դեպքերը, որոնք վնասում են թե՛ երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը, թե՛ կրթության իրավունքի ամբողջական և արդյունավետ իրացմանը: Պետությունը, որպես պոզիտիվ պարտականություն, պարտավոր է դպրոցում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների պաշտպանության և փոխհարգանքի հիման վրա ձևավորված դաստիարակության ապահովման համար: Այդ ճանապարհին էական հանգամանք է տնօրինության, ուսուցիչների և այլ աշխատակիցների միջև պատշաճ փոխհարաբերությունների առկայությունը՝ բացառելով հատկապես երեխաների ներկայությամբ կոնֆլիկտային իրավիճակների ձևավորումն ու ուսուցչի արժանապատվության ոտնահարումը: Երեխաների լավագույն շահից է բխում, որ հատկապես դպրոցի ներսում ուսուցիչներն իրենց բարձր առաքելությանը համապատասխան վարք դրսևորեն և արժանանան հարգալից վերաբերմունքի: Ծնողները, որպես երեխաների լավագույն շահի առաջնային ներկայացուցիչ և պատասխանատու, պետք է զերծ մնան երեխաների իրավունքների անհամաչափ սահմանափակումից՝ որպես այլոց հանդեպ բողոքի դրսևորման նշան: Այդպիսի դեպքերում կարևոր է առաջնահերթ ուշադրության ներքո պահել երեխաների շահերը և հաշվի առնել նրանց կարծիքները՝ իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Ողջունելի է այն հանգամանքը, որ պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը, ինչպես նաև արդեն միջոցներ են ձեռնարկվում երեխաների իրավունքների պաշտպանությունը խոչընդոտող պատճառների վերացման ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմը համապատասխան գրություններ է հղելու Միջնավանի դպրոցի կառավարում և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմիններին՝ պահանջելով պարզաբանումներ արձանագրված բողոքների վերաբերյալ և ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկներ:

Նմանատիպ նյութեր